Մամուլը՝ տեսանյութով Մամուլ 1 ժամ առաջ - 11:30 10-07-2026

Ովքեր են աշխատել Ալեն Սիմոնյանի դեմ. Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել. Ախտոյաններն անհետացել են. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։
«Ժողովուրդ» օրաթերթը մի առիթով գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք, ըստ թերթի աղբյուրների, պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ՝ կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության կասկածների, կլանային համակարգ ստեղծելու կասկածների, ինչպես նաև թիմակիցներին, այդ թվում՝ կանանց, նեղացնելու և նսեմացնելու դեպքերի վերաբերյալ։

ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, եւ չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։
Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու եւ որդու հետ մեկնել էր արտերկիր, բայց ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող կադրային փոփոխությունները, նրա ձևակերպումները նոր հիմք տվեցին ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանը նոր կառավարության կազմում նույն պաշտոնում չի վերանշանակվի։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքից, որը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ դժգոհությունից հետո Հարությունյանը մեկնել է երկարատև արձակուրդ՝ մինչև հուլիսի 27-ը ներառյալ, և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նաև ըստ նոր տեղեկությունների՝ նախընտրական շրջանում Հարությունյանը կուսակցության շահերից ելնելով, կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը»: