Չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում:
Դրա մասին երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Նախնական տվյալները ստացվել են Բարսելոնայի արևմտյան մասի բլուրների վրա գտնվող Ֆաբրա աստղադիտարանի օդերևութաբանական կայանից: Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին:
Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 աստիճանի։ Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով՝ դա ևս դարձել է ամենաբարձր ցուցանիշն այս կայանի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1924 թվականից ի վեր:
AEMET-ի ներկայացուցիչ Խոսե Անխել Նունյեսը հաստատել է, որ Բարսելոնայում գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը: Սովորաբար Միջերկրական ծովի մոտիկությունը մեղմացնում է շոգը քաղաքում, սակայն այս անգամ բարձր ջերմաստիճանը հասել է ռեկորդային արժեքների:
Շոգ եղանակը, որն Իսպանիայում սկսվել է կիրակի օրը, պետք է պահպանվի մինչև հինգշաբթի: Այս շաբաթ որոշ օդերևութաբանական կայաններում ջերմաստիճանը գերազանցել է 44 աստիճանը։ Չորեքշաբթի AEMET-ը շոգի պատճառով վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել Կատալոնիայի և Վալենսիայի առանձին շրջաններում: Վտանգի «նարնջագույն» զգուշացումը գործել է երկրի կենտրոնական, հարավային և հյուսիսարևելյան շրջանների մեծ մասում, ներառյալ Բարսելոնայում:
Գիտնականները նշում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է էքստրեմալ եղանակային երևույթների, դրանց թվում՝ անոմալ շոգի ժամանակահատվածների ինտենսիվության, տևողության և հաճախականության մեծացմանը: