«Ընդհանուր առմամբ որևէ գործողություն չի կատարվել, որն ընդունված չէ կենդանիներին քնեցնելու գործընթացում։ Այդ ամենն արվել է սովորական մեթոդներով, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում։ Դեռ մի քանի տարի առաջ, երբ մենք Գյումրու կենդանիներին տեղափոխում էինք, քնեցումն իրականացվեց նույն մեթոդներով։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր կենդանու ֆիզիկական վիճակը լիարժեք չի ուսումնասիրվել, ու, երևի թե, քնեցնող նյութերը, որոնք ներարկվել են կենդանիներին, մեկ առանձնյակի համար պետք է ավելի քիչ չափաբաժնով լինեին, մյուսի համար՝ ավելի շատ։ Սակայն, ցավոք, դա չի արվել․ կենդանիներին նույն չափաբաժնով քնեցնող նյութ է ներարկվել՝ առանց հաշվի առնելու յուրաքանչյուրի տարիքը, քաշը և առողջական վիճակը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կենդանիների քնեցմանն ու տեղափոխմանը, որի հետևանքով առյուծներից մեկն այդպես էլ չէր արթնացել։
Հիշեցնենք՝ դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և ժամեր շարունակ խուզարկություններ իրականացրել։ Այնուհետև խուզարկություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում։ ԲՀԿ առաջնորդն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության համար։ Եվս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ։ Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, իսկ առյուծներն ու վագրը քնեցվել և տեղափոխվել են կենդանաբանական այգի։ Երեկ հայտնի դարձավ, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Բնապահպանը ընդգծեց, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ սատկած առյուծը տարիքով մեծ էր և ունեցել էր քրոնիկական հիվանդություններ, ինչը, ըստ ներկայացված բացատրությունների, պատճառ է դարձել, որ կենդանին չարթնանա։ Սակայն, նրա պնդմամբ, այդ առաջարկը ուժայինների կողմից չի ընդունվել, և նրանք պարտադրել են, որ կենդանիները տեղափոխվեն տարածքից։
«Ուժայիններն ասել են, որ կենդանին Ծառուկյանի գույքն է, և այն պետք է անպայման տեղափոխեն։ Ուզում եմ նրանց հիշեցնել, որ կենդանին գույք չէ։ Դա շնչող օրգանիզմ է։ Ռուսերենում ասում են՝ «живой организм»։ Շատերը տնային կենդանիներին վերաբերվում են այնպես, ինչպես մարդուն կվերաբերվեին, ուստի պետք էր բոլորովին այլ վերաբերմունք ցուցաբերել։ «Գույք» բառն այստեղ չի տեղավորվում այդ շրջանակում, ինչն էլ բերել է նրան, որ չմտածված քայլ են արել և դեղորայքը սրսկել են։ Շատերն ասում են, որ դոզան բարձր է եղել կամ սխալ դեղորայք է կիրառվել»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ կենդանու չարթնանալու հստակ պատճառը պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, ինչի պահանջով ինքն արդեն դիմել է միջազգային կենդանապաշտպան կազմակերպություններին։
Սիլվա Ադամյանը նաև արձագանքեց բնապահպանների հասցեին հնչող քննադատություններին, թե նրանք չեն արձագանքում այս միջադեպին։ Նրա խոսքով՝ արձագանքը, թեպետ կարևոր է, սակայն ոչ բոլոր բնապահպաններն են զբաղվում կենդանիների պաշտպանության հարցերով, իսկ ոմանք, ըստ իրեն հասած տեղեկությունների, չեն ցանկացել մեկնաբանել դեպքը՝ այն քաղաքական ենթատեքստ ունեցող համարելով։
«Ես չեմ ուզում որևէ մեկին արդարացնել կամ մեղադրել, բայց ինձ համար բնապահպանությունն ու կենդանիների պաշտպանությունը քաղաքական հարց չեն։ Ինձ չի հետաքրքրում, թե կենդանին ում տարածքում է եղել կամ որ քաղաքական ուժի հետ է կապվում։ Ինձ համար դա կենդանի էակ է, որի կյանքի համար ես պետք է պայքարեմ։ Թե ում տարածքում է այդ կենդանին հայտնվել կամ որ քաղաքական ուժի հետ է այն կապվում, ինձ չի հետաքրքրում։ Դա ոչ անշարժ գույք է, ոչ փող, ոչ էլ ինչ-որ գաղափար, որ մտածեմ՝ կասեն՝ ինչ-որ քաղաքական ուժի եմ հարում, ու գործ չունենամ։ Եթե իրենք այդպես են մտածում, դա արդեն իրենց խնդիրն է, բայց դա նշանակում է, որ իրենք բնապահպան չեն»,- նշեց նա։
Սիլվա Ադամյանը շեշտեց, որ սկզբունքորեն դեմ է մասնավոր կենդանաբանական այգիների գոյությանը, սակայն դա չի նշանակում, որ կենդանիների տեղափոխումը պետք է իրականացվի՝ առանց բոլոր հնարավոր ռիսկերը գնահատելու։ Նրա խոսքով՝ եթե կենդանիները պահվեին անթույլատրելի պայմաններում, ինքն առաջիններից կլիներ, ով կպահանջեր նրանց անհապաղ տեղափոխել, սակայն, իր տեղեկություններով, նրանց պահման պայմանները բավականին լավն էին։
«Ի վերջո, ովքեր գնացել են, տեսել են, որ կենդանիները բավականին լավ պայմաններում են եղել։ Կարելի էր շարունակել նրանց այնտեղ պահել։ Էլի եմ ասում՝ դա ո՛չ քաղաքական ուժ է, ո՛չ գույք, որ բռնագրավես, տանես կամ եսիմ ինչ անես։ Եթե կենդանիները վատ պայմաններում պահվեին, ես ինքս առաջիններից կլինեի, որ կպահանջեի նրանց անհապաղ տեղափոխել, բայց մարդիկ փաստում են, որ լավ պայմաններում են պահվել, և որևէ խնդիր չի եղել»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ կենդանիների տեղափոխումը հեշտ գործընթաց չէ, և նախքան այն իրականացնելը պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել։
Սիլվա Ադամյանը հավելեց, որ անթույլատրելի էր, երբ քաղաքական խնդիրների պատճառով կենդանին փաստացի մահապատժի ենթարկվեց։ «Ձեր խնդիրները ձեր մեջ լուծեք, բայց ինչո՞ւ եք այդ ամենը բարդում կենդանու վրա, վերջում էլ մահապատժի ենթարկում։ Ինչպե՞ս կարելի է կենդանուն քաղաքական առուծախի առարկա դարձնել։ Սա անթույլատրելի է, հասկանում եք»,- եզրափակեց նա։