Գյումրիի Վարդբաղ 1-ին միկրոշրջանի 2-րդ շենքի բնակիչները կրկին ահազանգում են, որ իրենց շենքի խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Նրանք նշում են, որ պատասխանատու կառույցները խնդիրը իրար վրա են գցում։ Շենքի նկուղը պարբերաբար լցվում է կոյուղաջրերով, իսկ տարածվող գարշահոտությունը դարձել է նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Բնակիչների խոսքով՝ խնդիրը նոր չէ։ Նրանք բազմիցս դիմել են ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ Գյումրիի քաղաքապետարանին և համատիրությանը, սակայն յուրաքանչյուր կառույց պատասխանատվությունը փոխանցում է մյուսին։
Արդյունքում ամիսներ շարունակ ոչ ոք չի ստանձնում խնդրի լուծումը, իսկ բնակիչները շարունակում են ապրել կոյուղու գարշահոտության մեջ։
Օրերս
Oragir.News-ը
անդրադարձել էր բնակիչների ահազանգին։
Oragir.News-ի հարցերին ի պատասխան «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են. «Նկարագրվող հասցեի խնդիրն ամբողջությամբ ներքին ցանցում է, որը Վեոլիա Ջուր ընկերության կողմից չի սպասարկվում: Թեպետ բազմիցս ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները բարի կամք դրսևորելով աջակցել են բնակիչներին և վերացրել խցանումը, սակայն յուրաքանչյուր անգամ տեղեկացրել են, որ խնդիրը ներքին ցանցում է և դրա լուծումը բնակիչների պարտականությունն է»։
Ընկերության մամուլի բաժնից փոխանցեցին, որ բնակիչները ներքին ցանցի կոյուղագծերի փոխարինման աշխատանքների ընթացքում վնասել են ընկերության սպասարկման տիրույթում գտնվող դիտահորի հերմետիկությունը: Գյումրիի քաղաքապետարանից և համատիրությունից բնակիչները նույնպես նմանբովանդակ պատասխաններ են ստացել, որ խնդիրը իրենց իրավասության տիրույթում չէ։ Մինչ պատասխանատու կառույցները պարզում են, թե ում պարտականությունն է վերացնել խնդիրը, Վարդբաղի բնակիչները ստիպված են ամեն օր շնչել կոյուղու գարշահոտությունը, ապրել խոնավ ու հակասանիտարական պայմաններում և անհանգստանալ նաև իրենց առողջության համար։
Oragir.News-ը դիմել է նաև Գյումրիի քաղաքապետաիանի կոմունալ բաժին և համատիրություն՝ պարզելու, թե ի վերջո ո՞ր կառույցն է պարտավոր լուծել խնդիրը, և ինչու՞ են Վարդբաղի բնակիչները ամիսներ շարունակ թողնվել կոյուղու գարշահոտության մեջ։
Քաղաքապետարանից սլաքներն ուղղում են համատիրություն, իսկ թաղամասը սպասարկող «Գյումրի կենտրոն» համատիրության ղեկավար Մովսես Ջուհարյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։