copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:46 01-07-2026

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն աշխատանքի, սակայն, վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), (համապատասխանում Է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնասը։ Նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի