Արցախի Առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» շուրջ հնչող քննադատություններին՝ հերքելով, թե կենտրոնում տեղի ունեցած փոփոխությունները քաղաքական ենթատեքստ ունեն։
Նրա խոսքով՝ նախկին կենտրոնը լուծարվել է դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին, որից հետո ստեղծվել է նոր կառույց։
«2023 թվականի նոյեմբերի 17-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» լուծարվել է։ Դրանից հետո ստեղծվել է նոր կառույց՝ զրոյից։ Եթե այստեղ քաղաքական ենթատեքստ լիներ, այդ լուծարումից հետո նոր կենտրոն պարզապես չէր ստեղծվի»,- ասաց Բաղրյանը։
Նա նաև անդրադարձավ տեղակալների թվի կրճատման վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դա կառավարման որոշում է եղել. «Երբ ես աշխատանքի եմ ընդունվել, կենտրոնն ունեցել է չորս տեղակալ։ Հետագայում, որպես ղեկավար, հիմնավորել եմ, որ կարելի է աշխատել երկու տեղակալով։ Հիմա էլ հիմնավորվել է, որ մեկ տեղակալն էլ բավարար է։ Դա չի նշանակում, որ կենտրոնի աշխատանքը տուժել է»։
Բաղրյանի խոսքով՝ վերջին տարիներին կենտրոնը զգալի առաջընթաց է գրանցել։
«Եթե հինգ տարի առաջ գայիք կենտրոն, կտեսնեիք թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական վիճակը։ Այսօր բոլորովին այլ պատկեր է։ Կենտրոնը տարեցտարի զարգանում է, և վստահեցնում եմ՝ հաջորդ տարի էլ ավելի զարգացած կլինի»,- ասաց նա։
Արձագանքելով քաղաքական դրդապատճառների մասին հարցին՝ Բաղրյանը կրկին ընդգծեց, որ նման գնահատականները հիմնավորված չեն։
«Եթե սա քաղաքական որոշում լիներ, ապա կենտրոնը լուծարելուց հետո նոր կառույց չէր ստեղծվի»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: