Ուսուցիչները պարտավոր են անցնել թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այդ ծառայությունը ներառված չէ բժշկական ապահովագրության փաթեթում և բավականին թանկ արժե։ Այս խնդիրը վերջին շրջանում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել կրթական ոլորտի աշխատակիցների շրջանում, քանի որ պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները ուսուցիչներից պահանջում են սեփական գրպանից վճարել 9 000-ից մինչև 20 000 դրամ:
Oragir.News-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների պարտադիր բժշկական ռենտգեն հետազոտության համար բուժհաստատությունների կողմից գումար գանձելը անօրինական գնահատեց, քանի որ ըստ Կառավարության N 347-Ն որոշման՝ ծախսերը պետք է հոգա գործատուն: Ըստ փորձագետի՝ պետական հաստատություններում աշխատողների համար այդ հետազոտությունն անվճար է՝ հուշագրի շրջանակներում, իսկ առկա ֆինանսական պահանջները գնահատվում են որպես վերահսկողության բացակայության հետևանք:
«Եթե նախկինում թոքերի հետազոտության համար վճարվող գումարը կազմում էր շուրջ 2 հազար դրամ, ապա այսօր նույն պարտադիր բուժզննության շրջանակում քաղաքացիներից պահանջվում է վճարել 10-15, երբեմն նույնիսկ մինչև 20 հազար դրամ։ Ընդ որում՝ նույն հետազոտության արժեքը տարբեր բուժհաստատություններում զգալիորեն տարբերվում է, մինչդեռ որևէ հստակ բացատրություն կամ միասնական գնային քաղաքականություն չի ներկայացվում»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այսօր հանրության մեջ դեռ օգտագործվում է «ֆլյուրոգրաֆիա» հասկացությունը, սակայն իրականում այդ հետազոտությունը վաղուց այլևս չի կիրառվում։ Այն փոխարինվել է թոքերի ռենտգեն հետազոտությամբ, որն ավելի ժամանակակից մեթոդ է և, բնականաբար, ավելի բարձր ինքնարժեք ունի։ Սակայն, ըստ փորձագետի, նույնիսկ այդ հանգամանքը չի կարող արդարացնել այն իրավիճակը, երբ նույն ծառայության արժեքը տարբեր բուժհաստատություններում կրկնակի կամ նույնիսկ ավելի մեծ տարբերություն ունի։
«Ըստ կառավարության համապատասխան որոշման՝ պարտադիր բժշկական զննությունների ծախսերը պետք է հոգա գործատուն։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին և մանկապարտեզների դաստիարակներին, ապա նրանց դեպքում երկար տարիներ գործել է Կրթության և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն այդ հետազոտությունները պետք է իրականացվեն անվճար։ Այդ պատճառով ինձ համար անհասկանալի է, թե ինչու են այսօր նրանցից գումար պահանջում»,- տարակուսեց Անուշ Պողոսյանը։
Նա կարծիք հայտնեց, որ պետական դպրոցների և պետական մանկապարտեզների աշխատակիցների հետազոտությունները պետք է իրականացվեն անվճար։ Մասնավոր կրթական հաստատություններում այդ ծախսը, Կառավարության որոշման համաձայն, պարտավոր է հոգալ գործատուն։
«Ընդհանուր առմամբ, աշխատակիցը պարտադիր բժշկական զննությունների համար վճարելու պարտավորություն չունի։ Միայն աշխատանքի ընդունվելու պահին՝ անձնական բժշկական գրքույկի ձևակերպման ընթացքում, կարող է վճարել աշխատակիցը, իսկ դրանից հետո բոլոր պարտադիր հետազոտությունների ծախսերը պետք է հոգա գործատուն»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ նախկինում նույնպես նման դեպքեր արձանագրվել են։ Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ վերահսկողական մարմինների ուսումնասիրությունների արդյունքում ուսուցիչներից գանձված գումարները ճանաչվել են անօրինական, և նույնիսկ քրեական վարույթներ են նախաձեռնվել։
«Ստեղծվել է իրավիճակ, երբ յուրաքանչյուրը գործում է իր հայեցողությամբ։ Չկա բավարար վերահսկողություն և հստակ կառավարման մեխանիզմ, որի հետևանքով բուժհաստատությունները հաճախ իրենց հայեցողությամբ վճարներ են սահմանում կամ պահանջում։ Սա, իմ կարծիքով, հենց ամենաթողության հետևանքն է»,- ամփոփելով խոսքը ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Oragir.News -ն այսօր հրավիրված մամուլի
ասուլիսի ժամանակ խնդրի վերաբերյալ
հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ակնկալելով հստակ պարզաբանում, այնինչ նախարարը սկսեց շատ հեռվից և այդպես էլ չասաց, թե ինչու են ուսուցիչները ստիպված սեփական գրպանից վճարում, կամ ինչու է պարտադիր համարվող այս հետազոտությունը դուրս մնացել ապահովագրական փաթեթից:
Նրա պատասխանը հետևյալն էր․
«Ուսուցիչների և մասնագետների համար բուժզննությունների ծավալը հիմա փոփոխման շրջափուլում է, թե ինչ հետազոտություններ պիտի անցնեն։ Բացի դրանից, սահմանում ենք, որ ապահովագրության կամ այլ դեպքերում ստացած նախորդիվ տվյալները, որոնք տվյալ հիվանդության համար ակտուալ են, կարիքը չլինի նորից գնալու, հանձնելու, ուղղակի սանգրքույկում նշում անելու համար, այլ այդ տվյալները ևս կարողանանք ներառել սանգրքույկների մեջ հաջորդ։
Մենք կառավարության որոշման նախագիծն առաջիկայում կուղարկենք կառավարություն և երևի մեկ ամսվա ընթացքում մեր մասնագետները կկարողանան նոր ձևաչափով ստանալ։ Բայց սանիտարական գրքույկի համար անհրաժեշտ ծավալը և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար պարտադիր հետազոտությունները, դրանք ապահովագրական փաթեթի մեջ չեն մտնում։ Դրանք անձը պետք է իր կողմից իրականացնի»։
Նախարարն այսպիսով՝ կարծես հաստատում է, որ որոշ դեպքերում դպրոցի կամ մանկապարտեզի աշխատակիցը պետք է վճարի։ Բայց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածը երկիմաստություն չի թողնում. սահմանելով, որ պարտադիր բուժզննության ծախսերը գործատուի պարտավորությունն են: Եթե նախարարը հստակ չի հայտարարում, որ ուսուցիչը չպետք է վճարի, դա լռելյայն արտոնում է պոլիկլինիկաների կամայականությունը:
Խոսելով ընդհանուր բարեփոխումներից՝ Ավանեսյանը շրջանցեց այն փաստը, որ ֆլյուրոգրաֆիայից թվային ռենտգենի անցնելու արդյունքում գները կտրուկ թանկացել են (հասնելով մինչև 20 000 դրամի)՝ դառնալով ծանր ֆինանսական բեռ թե՛ դպրոցների սուղ բյուջեների, թե՛ առավել ևս ուսուցիչների համար: