Մինչ հանրությանը հրամցվում է համայնքային համերաշխության պարզունակ պատկերը, պաշտոնական փաստաթղթերի խորքերում թաքնված են միլիոնավոր դրամների հասնող գործարքներ և շքեղ մեքենաների շարասյուններ։
Մայիսի 14-ին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը, որն արվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ուղևորություններից մեկի ժամանակ, ուշագրավ բացահայտումների առիթ է տվել Մեծամորի ավագանու ՔՊ անդամ Արտյոմ Սնջոյանի (Տյոմ) վերաբերյալ։
Ո՞վ է այս անձնավորությունը, որն իրեն դրսևորում է որպես համայնքային համեստ գործիչ, բայց պաշտոնական հայտարարագրերում հանդես է գալիս որպես միլիոնատեր։

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սնջոյանի ֆինանսական թռիչքը հակասում է տնտեսագիտության բոլոր օրենքներին. 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա որպես դրամական միջոց ունեցել է ընդամենը 50 հազար դրամ և 3 ավտոմեքենա։ Հետագա տարիներին նրա տարեկան եկամուտը, որը ընդամենը 580 հազար դրամ է, 2024 թվականին արդեն հայտարարագրել է 7 գերթանկարժեք ավտոմեքենա։


Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արտյոմ Մշիրի Սնջոյանը շարժական գույքի իսկական «կոլեկցիոներ» է։ Միայն վերջին տարիներին նրա անունով ձևակերպվել են 7-ից ավելի ավտոմեքենաների գնման գործարքներ. FORD, HONDA, MAZDA մակնիշի մեքենաները գնվել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց գումարվում է նաև TOYOTA-ների և RANGE ROVER-ի շարքը։

Սնջոյանի «ավտոպարկի» գոհարը, սակայն, հայտնվել է ավելի ուշ՝ 2024 թվականի նոյեմբերին, երբ ըստ պաշտոնական տվյալների՝ նա ոմն Ռոման Հարությունյան Ռոբիզոնից գնել է MERCEDES BENZ մակնիշի ավտոմեքենա՝ աստղաբաշխական 80 000 000 ՀՀ դրամով։ Արդյոք տեղական մակարդակի գործիչն ունի օրինական և թափանցիկ այնպիսի եկամուտներ, որոնք թույլ են տալիս մեկ օրում վճարել մոտ 200 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար միայն մեկ մեքենայի համար։

Այս փաստերի համադրումը թույլ է տալիս հնչեցնել մի քանի հարցեր. ո՞րն է Արտյոմ Սնջոյանի եկամուտների օրինական աղբյուրը, որով գնվել է 80 միլիոն դրամանոց Mercedes-ը և տասնյակ այլ մեքենաներ, և արդյոք նա հանդիսանում է իրական սեփականատեր, թե՞ պարզապես ձևական տեր է, ում անվան տակ թաքցվում են այլ ազդեցիկ անձանց իրական ակտիվները։