Վանաձոր համայնքի կարիքների համար հայտարարված ավտոբուսների ձեռքբերման խոշոր մրցույթը (ծածկագիր՝ ՀՀ ԼՄՎՀ ԷԱՃԱՊՁԲ-26/55), որի նախահաշվային արժեքը կազմում է աստղաբաշխական 1․710․000․000 ՀՀ դրամ, հայտնվել է իրավական և փորձագիտական սկանդալի կենտրոնում: Փաստաթղթերի մանրակրկիտ համադրումը վեր է հանում համակարգային կոպիտ խախտումներ, որոնք վկայում են մրցակցության ձևական իմիտացիայի և կոնկրետ մասնակցի համար «կարված» գործընթացի մասին:
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երկու ընկերություն՝ «ԱՍԷԴԼ» ՍՊԸ և «ՆՈՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ։ Սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և գնումների համակարգի տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երկրորդ՝ իբր ինքնուրույն և «անկախ» հանդես եկող մասնակիցը՝ «ՆՈՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն գրանցված է ճիշտ նույն իրավաբանական հասցեում, որտեղ գործում է մրցույթի հիմնական, խոշոր ընկերությունը՝ «ԱՍԷԴԼ» ՍՊԸ։


Ինչո՞ւ են երկու ընկերությունների հասցեներն ու կապերը համընկնում։ Սա վկայում է այն մասին, որ երկրորդ ընկերությունն իրականում ստեղծվել կամ օգտագործվել է միայն մրցույթում երկրորդ մասնակցի դեր կատարելու համար։ Առանց նրա՝ մրցույթը կհամարվեր չկայացած, իսկ այս սխեմայով ապահովվել է մրցակցային պայմանների ձևական իմիտացիա, որպեսզի հիմնական ընկերությունը հաղթի իրեն ձեռնտու առավելագույն գնով։

Այսպիսով, մրցութային փաստաթղթերում առկա է բացահայտ և անհամատեղելի տեխնիկական հակասություն, որը հարվածում է գնման ողջ օրինականությանը։
Գնման առարկան պաշտոնապես հայտարարված է որպես «ավտոբուսներ -միջքաղաքային ավտոբուսներ»:
Գնումների փաստաթղթերում «քաղաքային հարմարեցումը» ենթադրում է ցածր հատակ (մինչև 380 մմ), լայն դռներ և կանգնած տեղեր, ինչը հակասում է «միջքաղաքային» ավտոբուսների տեխնիկական բնութագրին: Միջքաղաքային ավտոբուսները նախատեսված են երկար տարածությունների համար, ունեն բարձր հատակ (ուղեբեռի խցիկների համար), նեղ դռներ և բացառապես նստատեղեր՝ առանց կանգնած ուղևորների հարթակի: Իսկ այս մրցույթով պահանջվում է առնվազն 24 կանգնած տեղ։ Նման կոպիտ անհամապատասխանությունը գնումների համակարգում հաճախ արվում է միտումնավոր՝ «օտար» մատակարարներին շփոթեցնելու և նրանց մրցակցությունից դուրս մղելու համար:

Մրցույթի ժամանակացույցը ևս մեկ անգամ ապացուցում է կանխամտածված սցենարի տարբերակը. մրցույթը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 15-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի հունիսի 1-ը (ընդամենը 16 օրացուցային օր):
Տեխնիկական պահանջը՝ բացառապես 2026 թվականի արտադրության, բոլորովին նոր, չշահագործված մեքենաներ։
Բացահայտումների շղթայում ուշագրավ է նաև այն, որ Վանաձորի մրցույթի հայտարարումից ընդամենը 3 օր անց՝ 2026 թվականի մայիսի 18-ին, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գնումների պլանում ևս հայտնվել է համապատասխան փոփոխություն: Արդյոք այս երկու գործընթացները փոխկապակցվա՞ծ են, և արդյոք կրկնվող հասցեները տանում են դեպի մայրաքաղաքային սուբյեկտնե՞ր:

Այս կասկածելի ընթացակարգն արդեն իսկ մտել է իրավական վիճարկման ֆուլ։ Պաշտոնական տվյալներով՝ հայտերի փակման նախօրեին՝ 2026 թվականի մայիսի 29-ին, e-request.am համակարգի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն է մուտքագրվել հատուկ բողոք/գրություն (պատասխանատու՝ Անի Մովսիսյան), որի պատասխանի վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի հունիսի 12-ը: Գործը ներկայումս գտնվում է Ֆինանսների նախարարության քննության փուլում:

Այս գործընթացում առկա են օրենսդրական լուրջ խախտումներ, որոնք ամրագրված են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ կետում։ Այն պահանջում է ապահովել արդար և հավասար պայմաններ բոլոր փոխադրողների համար, այնինչ փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը խեղաթյուրում է այս սկզբունքը։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ կետի և Կառավարության 955-Ն որոշման համաձայն՝ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կամ շփոթեցնող տեխնիկական պայմաններով անցկացված մրցույթները ենթակա են չեղարկման: Չէ՞ որ ողջամիտ կասկած կա, որ տեղի է ունեցել թաքնված գործարք, որը մեծ վնաս է հասցրել համայնքի բյուջեին և հանրային միջոցներին։