Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումը և դրա հանրային տարածումը վերջին օրերին կրկին ակտիվացրել են քննարկումները անձնական տվյալների պաշտպանության, պետական մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման և հանրային շահի սահմանների վերաբերյալ։
Oragir.News-ը տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերի շուրջ զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ինչպես նաև փորձել է պարզաբանում ստանալ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից՝ կապված վերջին շրջանում հանրային տիրույթում հայտնված տեսանյութերի և գաղտնիության հնարավոր խախտումների հետ։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով նախկինում հրապարակված, այդ թվում՝ երկրորդ նախագահի մասնակցությամբ տեսագրություններին և անձնական տվյալների տարածման հարցին, ընդգծել է, որ նման դեպքերում խնդիրն ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական և ինստիտուցիոնալ շերտեր։
«Նման մոտեցումը, իմ գնահատմամբ, անընդունելի է»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած նման հրապարակում պետք է ունենա հստակ հանրային շահի գնահատում և իրավական հիմնավորում։
Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրը մի քանի մակարդակ ունի․ «Առաջինը՝ չկա հստակ գնահատում, թե արդյոք տվյալ հրապարակումը իրականում բխում է հանրային շահից։ Երկրորդը՝ երբեմն անհասկանալի է, թե ինչ հիմքով և ինչ ընթացակարգով են այդ տվյալները հայտնվում հանրային դաշտում»։
Նրա դիտարկմամբ՝ խնդրահարույց է նաև պետական մարմինների դերակատարումը տեղեկատվության տարածման գործընթացում։
«Երբեմն պետական մարմինները փաստացի հանդես են գալիս որպես տեղեկատվության հիմնական աղբյուր, բայց հանրությանը չի ներկայացվում, թե ինչ իրավական հիմքով է դա արվում»,- նշել է փորձագետը։
Խոսելով վերահսկողական համակարգի մասին՝ Մարտիրոսյանը նշել է, որ խնդիրները համակարգային են. «Ցավոք, ամբողջական մեխանիզմներ դեռ ձևավորված չեն։ Այն կառույցները, որոնք գործում են գաղտնիության շրջանակներում, հաճախ չեն ունենում բավարար հանրային վերահսկողություն»։
Մարտիրոսյանը նաև շեշտում է, որ անհրաժեշտ է ավելի ուժեղ խորհրդարանական վերահսկողություն, հատկապես այն կառույցների նկատմամբ, որոնք գործում են գաղտնիության ռեժիմում. «Պետք է գործեն պառլամենտական վերահսկողության մեխանիզմներ… բայց առնվազն ժողովուրդի ընտրյալները կարող են փակ նիստերով պահանջել հաշվետվություն»:
Նրա խոսքով՝ այդ բացը վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը։
«Ընդդիմությունն էլ պետք է ավելի ակտիվ լինի այս հարցերում՝ պահանջելով հաշվետվություն, վերահսկողություն, նույնիսկ փակ ձևաչափերով քննարկումներ։ Բայց իրականում այդ վերահսկողական դերը բավարար չափով չի իրականացվում»,- նշել է Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ նա նշել է, որ կառույցը գործում է, սակայն սահմանափակ հնարավորություններով. «Իրենք իրենց գործը անում են, բայց կառույցը փոքր է, օրենսդրական փոփոխությունները դանդաղ են ընթանում, և ոլորտը դեռ լիարժեք կայացած չէ»։
Oragir.News-ը պարզաբանում է ստացել նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Հեռախոսազրույցի ընթացքում գործակալության ներկայացուցիչը սկզբում նշել է, որ նման դեպքերը դիտարկվում են միայն կոնկրետ դիմումների և բողոքների առկայության դեպքում։ Նրա խոսքով՝ առանց պաշտոնական բողոքի կամ դիմումի գործակալությունը չի կարող նախաձեռնել վարչական վարույթ կամ գնահատել հնարավոր խախտումը։
«Դա մասնավոր դեպք է, և եթե ամբողջական բողոք չկա, մենք տվյալ պահին չենք կարող ուսումնասիրություն իրականացնել»,– նշել է գործակալության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ յուրաքանչյուր նման իրավիճակ ենթակա է առանձին ուսումնասիրության և իրավական գնահատման՝ միայն այն դեպքում, երբ գործընթացը սկսվում է համապատասխան ընթացակարգով։ Միևնույն ժամանակ գործակալությունից ընդգծել են, որ անձնական տվյալների պաշտպանության հարցերում առանց անձի դիմումի միջամտությունը սահմանափակ է։
«Եթե անձը չի բողոքում, մենք չենք կարող վարչական վարույթ հարուցել»,– նշել են գործակալությունից՝ ընդգծելով գործող իրավական սահմանափակումները։
Հարցին՝ արդյոք հրապարակված տեսանյութերը կարող են համարվել անձնական տվյալներ, գործակալության ներկայացուցիչը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, որ նման իրավական գնահատական հնարավոր է տալ միայն լիազորված ընթացակարգի շրջանակում. «Եթե իրավասու եք, կարող եք պաշտոնական հարցում անել, և կստանաք պատասխան»։
Գործակալության պատասխանները փաստացի չեն տվել հստակ դիրքորոշում՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումը կարող է դիտարկվել որպես անձնական տվյալների պաշտպանության հնարավոր խախտում։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության արձագանքը, ըստ էության, ևս մեկ անգամ ընդգծում է այն իրողությունը, որի մասին խոսում են նաև փորձագետները՝ համակարգը հիմնականում աշխատում է ոչ թե նախաձեռնողական վերահսկողության, այլ միայն բողոքների տրամաբանությամբ։
Սա նշանակում է, որ նույնիսկ հանրային մեծ հետաքրքրություն առաջացնող դեպքերում պետական մարմինը գործի է անցնում միայն այն ժամանակ, երբ արդեն կա կոնկրետ դիմում, մինչդեռ տեղեկատվական դաշտում տարածված նյութերի իրավական գնահատումը մնում է անորոշության գոտում։
Այս մոտեցումը գործնականում ստեղծում է մի իրավիճակ, երբ անձնական տվյալների պաշտպանությունը ոչ թե կանխարգելիչ մեխանիզմ է, այլ արձագանքող համակարգ՝ արդեն տեղի ունեցած հնարավոր խախտումից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք ծառայողական քննություն է պահանջելու այն փաստի առիթով, որ «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկի արձանագրածը հայտնվել է լրատվամիջոցում, տեղի է ունեցել արտահոսք, ինչին ի պատասխան՝ նա նշել է. «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ: Այսինքն, իրա տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի, ի՞նչ խնդիր կա էդտեղ: Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն: Այ, երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրա իրավասությունը և հասանելիությունը չունեն, դա արդեն օրենքի խախտում է»: