Ռուսաստանի ավելի քան 50 տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բենզինի սուր դեֆիցիտ է արձանագրվել։ Շատ բենզալցակայաններում սահմանափակվել է վաճառքը․ մեկ հաճախորդին տրամադրվում է ընդամենը 15-20 լիտր վառելիք, իսկ որոշ տեղերում այն վաճառվում է միայն կանխիկ եղանակով։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ճգնաժամը պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասված նավթավերամշակման գործարաններով, ենթակառուցվածքային խնդիրներով, լոգիստիկ դժվարություններով և պլանային վերանորոգումների ձգձգմամբ։ Վառելիքի պակասը մեղմելու նպատակով իշխանությունները նույնիսկ թույլատրել են արտադրել ավելի ցածր բնապահպանական չափանիշներին համապատասխան բենզին։
Ամենածանր իրավիճակը գրանցվել է Ղրիմում, Սևաստոպոլում և Կրասնոդարի երկրամասում, որտեղ նկատվում է վառելիքի լուրջ դեֆիցիտ։ Խնդիրների են բախվել նաև խոշոր և անկախ բենզալցակայանների ցանցերը, իսկ վարորդները հաճախ ստիպված են երկար որոնել վառելիք ունեցող կայաններ։