Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:20 15-06-2026

ԱԱԾ-ն չպետք է դառնա իշխանական քարոզչամեքենայի գործիք. փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի գնահատմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանը հատելու փորձի տեսանյութի հրապարակումը լուրջ իրավական խնդիրներ է առաջացնում և կարող է դիտարկվել որպես անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում։

Oragir.News-ի հետ զրույցում Սողոյանը նշեց, որ տեսանյութը, ըստ էության, նկարահանվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի տեսանկարահանող սարքերի միջոցով։

«Այստեղ լուրջ մասնագիտական գիտելիք անգամ պետք չէ հասկանալու համար, որ տեսանյութը նկարահանվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողական տեսախցիկներով։ Երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ սահմանային անցակետում իրականացվող տեսանկարահանումը նախատեսված է բացառապես անվտանգային և ծառայողական նպատակների համար։

«Սահմանային անցակետը գտնվում է ԱԱԾ հսկողության ներքո և չի համարվում հանրային վայր, որտեղ կարելի է մարդկանց ազատ լուսանկարահանել կամ տեսանկարահանել։ Այդ լիազորությունը ԱԱԾ-ն ունի բացառապես իր անվտանգային գործառույթներն իրականացնելու համար։ Մարդկանց սահմանահատման գործընթացը նկարահանելն ու հետո այն մամուլում տարածելը որևէ կերպ չի բխում այդ գործառույթներից»,- նշեց Սողոյանը։

Նրա գնահատմամբ՝ հրապարակումը կարող է խախտել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

«Սա մարդու անձնական կյանքի և անձնական ազատության իրավունքի ակնհայտ խախտում է։ Եվրոպական դատարանի պրակտիկան ևս հստակ ասում է, որ նույնիսկ հանրային կամ քաղաքական գործիչները, երբ գտնվում են իրենց մասնավոր կյանքի շրջանակում՝ օրինակ հիվանդանոցում, ճանապարհորդության կամ սահմանահատման ընթացքում, պաշտպանված են անձնական կյանքի իրավունքի տեսանկյունից»,- ասաց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ եթե նման սահմանափակումներ գործում են նույնիսկ լրատվամիջոցների համար, ապա պետական մարմինների նկատմամբ պահանջներն առավել խիստ են։

«Եթե Եվրոպական դատարանը լրագրողներից է պահանջում առավել զուսպ լինել նման նյութեր հրապարակելիս, ապա պետական մարմինների համար այդ շեմը շատ ավելի բարձր է։ Պետական մարմինը պետք է իրականացնի միայն այն գործողությունները, որոնք բխում են իր լիազորություններից, այլ ոչ թե վերածվի իշխանական քարոզչամեքենայի օժանդակ գործիքի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե որ մարմինը պետք է զբաղվի հնարավոր իրավախախտման քննությամբ, փաստաբանը նշեց, որ տեսնում է իրավական պատասխանատվության հիմքեր, սակայն կասկածում է, որ գործնականում որևէ քննություն կիրականացվի։

«Ես այստեղ տեսնում եմ նույնիսկ մի շարք հնարավոր քրեական իրավախախտումների տարրեր՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման տեսանկյունից։ Այլ հարց է՝ դրանով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտե՞ն, թե՞ դատախազությունը։ Բայց, բնականաբար, իրականության մեջ դժվար է պատկերացնել, որ որևէ մարմին քննություն սկսի հենց այդ համակարգի դեմ»,- ասաց Սողոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները թույլ չէին տվել լքել Հայաստանի տարածքը, իսկ միջադեպի տեսանյութը հրապարակվել էր Civic լրատվական կայքում։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ երկրորդ նախագահը եռօրյա անձնական այցով մեկնում է Հայաստանից։ Ըստ հայտարարության՝ այցը վաղուց ծրագրված էր, սակայն հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով։

Oragir.News-ը մեկնաբանության համար դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե տեսանյութի հրապարակման հանգամանքներով ուսումնասիրվո՞ւմ են հնարավոր իրավախախտումները։ Սակայն դատախազությունից հայտնել են, որ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր հարցում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան