ՀՀ կենտրոնական բանկը հունիսի 16-ից շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
«Հուշադրամի դիմերեսին լինելու է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «Երախտապարտություն» և «GRATITUDE» մակագրությունները: Դարձերեսին լինելու է Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Հուշադրամի արժեքը 10 000 դրամ է, մետաղը` 900 հարգի, քաշը` 8.6 գրամ, տրամագիծը` 22.0 մմ։ Ընդհանուր առմամբ թողարկվելու է 300 հատ։
Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թվականին Քասաբայում (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։ 1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։
Նա 5 տարի անց հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որը սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրությամբ է զբաղվել։
1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:
1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:
Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց: