Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 20:00 13-06-2026

Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանյան քաղաքական դաշտում ընտրողի համար հաճախ բարդ է կողմնորոշվել, թե որտեղ է ավարտվում իրական ընդդիմությունը, և որտեղ է սկսվում պետական համակարգի հետ փոխշահավետ համակեցությունը։ Նմանատիպ մի ուշագրավ պատկեր է բացահայտվում «Միասնության թևեր» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ Լիպարիտ Դրմեյանի ընտանեկան տվյալների և համատեղ բնակվող անձանց կազմի ուսումնասիրությունից։

Լիպարիտ Դրմեյանը, ով այսօր իր քաղաքական ուժի հետ միասին հանդես է գալիս գործող իշխանությունների սուր քննադատությամբ, ինքնին հետաքրքիր կենսագրական անցյալ ունի։ Նրա կրթության ծախսերը հոգացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ գործող «Լույս» հիմնադրամը։ Սակայն իրական «բազմավեկտոր» պատկերը բացվում է, երբ նայում ենք նրա ընտանիքի անդամների պաշտոնեական դիրքերին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Կուրղինյան փողոցի հասցեներից մեկում՝ Լիպարիտ Դրմեյանի հետ համատեղ հաշվառված են նրա քույրերը և հայրը՝ Մամիկոն Դրմեյանը։ Այս ընտանիքի ազդեցության շրջանակը պետական կառույցներում տպավորիչ է։



Լիպարիտ Դրմեյանի կինը՝ Աստղիկ Կարամանուկյանը, զբաղեցնում է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկման կենտրոնի ղեկավարի բարձր պաշտոնը։ Լիպարիտի քույրը՝ Հայարփի Դրմեյանը՝ Արտաքին գործերի նախարարությունում երկկողմ հարաբերությունների գծով բաժնի պետ է։

Ընտանիքի կրտսեր քույրը՝ Լիլի Դրմեյանը, հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր։ Ուշագրավ է, որ նա իրականացնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներ, որոնցով անցնում են հենց եղբոր քաղաքական դաշնակիցները կամ ընդդիմադիր դաշտի հայտնի դեմքերը։

Ինչ վերաբերվում է ավագ Դրմեյանին՝ Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանին, ապա նա ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի երկարամյա դատավոր էր․ այդ պաշտոնում նշանակվել էր դեռևս 2009 թվականին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Մամիկոն Դրմեյանը դատական համակարգում էր 1992 թվականից: 2023 թվականին նրա՝ դատավորի լիազորությունները պաշտոնապես դադարեցվել են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով։

Այս իրավիճակը երկակի հարցադրումներ է առաջացնում։ Թվում է թե ժողովրդավարական հասարակությունում պետական կառույցներում քույրերի կարիերան չպետք է կապվի եղբոր քաղաքական հայացքների հետ։ Մյուս կողմից, սովորական ընտրողի համար չափազանց դժվար է հավատալ «Միասնության թևեր» կուսակցության արմատական ընդդիմադիր կեցվածքին, երբ նույն ընտանիքի անդամները հանդիսանում են գործող համակարգի կարևորագույն հենասյուների (ֆինանսներ, արտաքին քաղաքականություն, դատական համակարգ) կարևոր պաշտոնյաները։ Նման «բազմավեկտոր» ընտանեկան մոդելը հաճախ ընկալվում է որպես քաղաքական ցանկացած սցենարի դեպքում ազդեցությունը պահպանելու հարմարավետ գործիք։

Լիպարիտ Դրմեյանը 2022 թվականի փետրվարին զբաղեցրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի բարձր պաշտոնը: Սակայն 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Կոնֆլիկտի հիմքում ընկած էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերաբերյալ): Որպես գրասենյակի ղեկավար և միջազգային իրավունքի մասնագետ՝ Լիպարիտ Դրմեյանը պաշտոնական դիրքորոշում էր հայտնել, որ միջազգային արբիտրաժի վճիռը կողմերի համար ենթակա է անհապաղ ու պարտադիր կատարման։ Սա ուղղակիորեն հակասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մոտեցմանը, ով հրապարակավ հայտարարել էր, թե կառավարությունը չի պատրաստվում կատարել այդ որոշումը։

Արդյունքում, «ով համաձայն չէ, թող դիմում գրի, գնա» սկզբունքով՝ Լիպարիտ Դրմեյանը Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից, ինչից հետո էլ սկսվեց նրա ակտիվ քաղաքական կարիերան։ Նա միացավ նախկին պաշտոնյաների ու իրավապաշտպանների կողմից ձևավորված «Միասնության թևեր» կուսակցությանը՝ դառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նրանց առաջամարտիկներից մեկը:

Այսպիսով, ստեղծված համակարգային պատկերը ոչ միայն հանրության ու ընտրողների համար է դժվարացնում կողմնորոշվել Դրմեյանի՝ որպես ընդդիմադիր գործչի և իր քաղաքական ուժի անկախության հարցում, այլև իրավական տեսանկյունից առաջացնում է շահերի բախման և կանխակալության լուրջ ռիսկեր։



Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան