Oragir.News-ը ներկայացնում է հունիսի 3-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կառավարության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ «Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Զոհաբերության տոնի կապակցությամբ (Քուրբան բայրամ), իսկ վերջինս էլ Փաշինյանին է շնորհավորել՝ ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը։ Դրանում միայն նշվում էր, որ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի Զոհաբերության տոնը, կողմերը քննարկել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։ Նկատենք, որ նման բան նաև 2025 և 2023 թվականներին է տեղի ունեցել․ մի դեպքում հայկական կողմը հայտնել էր, որ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու, մյուս դեպքում Վարդավառի կապակցությամբ, սակայն երկու դեպքում էլ թուրքական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ չէր նշվել։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասաց 168.am կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով Արցախում մինչև Շուշիի հանձնումը պատերազմը կանգնեցնել փորձելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված հայտարարությանը։ «Մի քանի անգամ ենք խոսել։ Եթե առաջին անգամ ինձ լսեր, մենք կկորցներինք 3 շրջան, ու պատերազմը կկանգներ Ֆիզուլիում (Վարանդա), բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Եթե ինձ լսեր, հաստատ չէինք կորցնի Շուշին»,– ասաց Կարապետյանը։ Նա չցանկացավ մանրամասների անդրադառնալ, բայց ընդգծեց` գուցե Փաշինյանին էլ են խաբել և հավատացրել, թե հայկական կողմը հաղթում է։ Կարապետյանի խոսքով` հետագայում արդեն Փաշինյանն ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացե, ինչն էլ հանգեցրել է Արցախի կորստին։
ԱԺ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր այս մասին Փաշինյանն ասաց Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ` մանրամասներ ներկայացնելով իր ու Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցիցŞ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1–ին զանգել էր ծնունդս շնորհավորելու համար, բայց պարզ է՝ բացի շնորհավորանքից, նաև գործնական խոսակցություն ունեցանք ու պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,– ասաց նա։ ՔՊ–ի վարչապետի թեկնածուն նշել է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել։ «Հիմա էլ կլուծվեն , որևէ վայրկյան կասկած չունենաք»,– նշեց Փաշինյանը։ Ելույթի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը՝ հիշեցնելով, որ այս կառույցը հիմնված է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների անկաշկանդ շարժի վրա: Փաշինյանի պնդմամբ՝ ընդդիմադիրները փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում: