Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:30 18-05-2026

«Ռադներդ քաշեք», «կզացնելու եմ»․ Փաշինյանը հունից դուրս եկավ, Ծառուկյանը կլասը չի գցի․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 18-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում է քարոզարշավ իրականացրել, որտեղ նա հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը և անցել պարականոն բառապաշարի։ Մթնոլորտը լարվեց այն բանից հետո, երբ մի կին մոտեցավ Փաշինյանին և վերջինիս մեղադրեց հայրենիք հանձնելու և մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու մեջ։ Փաշինյանը պնդել է, թե իր կառավարությունն առողջության ապահովագրություն է ստեղծել, պետություն է ստեղծել, սակայն կինը նրանց ընդահեց և պնդեց, թե վերջինս փորձել է կռացնել արցախցիներին, ինչը չի հաջողվի։ Հաջորդիվ արդեն Փաշինյանն անցավ վիրավորանքների․ «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»: Այնուհետև կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վերջինս էլ կրկին անցավ վիրավորանքների և լկտի բառապաշարի, արցախցիներին մեղադրեց Արցախը հանձնելու և փախնելու մեջ։ Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը ներկայացնում ենք առանց մեկնաբանության․ «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու...չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»։

Այսօր սա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միակ միջադեպը չէր․ նա հունից դուրս եկավ նաև Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ զրույցի ժամանակ։ Օսիպյանը մեղադրեց նրան Արցախում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նաև հիշեցրեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, ապա Փաշինյանը սկսեց հակադարձել։ «Եկել ես էստեղ, ադրբեջանական նարատիվներ ես տանում։ Ինչ–որ մեկի ասելով չի, մեր օրակարգում տենց հարց չկա։ Դուք Ղարաբաղ չեք կառուցել, բոլորդ էլ թալանել եք։ Ես հպարտ եմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել եմ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս խոսակցությունից հետո քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակեց բղավել բարձրախոսով։ «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,– ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհի, մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն բժիշկը հրաժարվել է։ Oragir.News-ի հետ զրույցում Արփինե Սողոյանի դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ պոլիկլինիկայից մորն աշխատանքից ազատելու դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։ «Համապատասխանում է իրականությանը, բայց դեռևս տնօրենին թիրախավորելու ցանկություն չունեմ։ Մայրիկս հրաժարվել է իր սեփական դիմումի հիման վրա ազատվել, սպասում ենք՝ տեսնենք հաջորդիվ ինչ որոշում կկայացվի»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե իրավական ընթացք կտրվի, եթե այնուամենայնիվ իր մայրիկին աշխատանքից ազատեն, Սողոյանը նկատեց․«Բնականաբար կվիճարկենք, որովհետև այստեղ հիմքը կա, թեկուզ իր աշխատանքային ժամը 10-ից է սկսվում։ Չգիտեմ՝ այնտեղ հիմքը գուցե չներկայանալն է, բայց հետո ուշացումով ներկայացել է ու շարունակել է իր աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի է եղել։ Հիմա եթե այլ արհեստածին բաներ կսարքեն, ինչ կսարքեն, դրա իրավական արձագանքը բնականաբար կստանան»։ Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Տիգրան Ավինյանն ավելի վաղ պնդել էր, թե «բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից»։ «Մանավանդ որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասել էր նա: Նշենք, որ Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է:

Մայիսի 16-ին Նուբարաշենի հոգոբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը, ով ձերբակալվել էր ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործով ձերբակալվածներ չկան: «Քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան», - հայտնում են ՔԿ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»