Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի մասնակիցները հարձակման են ենթարկվել։ Ծեծի են ենթարկվել անգամ անչափահասները։ Տուժողների պնդմամբ՝ հարձակումը եղել է կանխամտածված, այն սկսվել է առանց որևէ լուրջ պատճառի, իսկ հարվածներ են հասցվել անգամ կանանց և հղի կնոջ։
Oragir.News-ի հետ զրույցում քարոզարշավի մասնակից Արենը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իրենց խմբից տարեց մի տղամարդը նկատողություն է արել մի անձի՝ աղջիկներին անպարկեշտ ժեստ ցուցադրելու համար։
«Մեր կողմից մի հոպար մոտեցավ ու հարցրեց՝ ինչո՞ւ ես աղջիկներին նման ժեստ ցույց տալիս։ Դրանից հետո իրավիճակը լարվեց։ Իրենց կողմից մի տղամարդ մոտեցավ, հրեց մեր տղաներից մեկին, հետո առանց որևէ բացատրության հարվածեց։ Դրանից հետո սկսվեց քաշքշուկն ու ծեծկռտուքը»,– պատմեց նա։
Նրա խոսքով՝ միջադեպի ընթացքում հարվածներ են հասցվել նաև կանանց։
«Հղի կնոջ էին ուզում հարվածել փորին, աղջիկների են հարվածել, տարիքով կնոջ են ոտքով հարվածել»,– ասաց Արենը՝ նշելով, որ անձամբ չի ճանաչել հարձակվողներին, սակայն հիշում է նրանց դեմքերը։
Միջադեպի մեկ այլ մասնակից՝ Մարիամը, նշեց, որ իրենք զբաղված էին քարոզարշավով, երբ իրենց ուղղությամբ հարձակում է տեղի ունեցել։
«Մենք մեր ճանապարհով էինք գնում, իրենց ճանապարհն էլ բացել էինք, որ անցնեն։ Երբ տեսան, որ մեծերից հիմնականում մեկ հոգի կա մեզ հետ, մոտեցան, կանգնեցրին մեքենան, վարորդին դուրս հանեցին ու սկսեցին հարձակվել»,– պատմեց նա։
Մարիամի խոսքով՝ հարձակվողները ոչ միայն ֆիզիկական բռնություն են կիրառել, այլև վիրավորական արտահայտություններ են հնչեցրել երիտասարդ աղջիկների հասցեին։ Միջադեպի հետևանքով տուժած անչափահասներից մեկը ևս հաստատեց, որ վնասվածք է ստացել։
«Երբ փորձում էի բաժանել կռվողներին, արմունկով հարվածեցին շրթունքիս հատվածում։ Հարվածողներին չեմ ճանաչել, բայց մեքենաների վրա 16 համարն էր նշված, դրա համար ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից էին»,– ասաց նա։
Դեպքի առնչությամբ
Oragir.News-ը զրուցել է նաև Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Սայիդա Պողոսյանի հետ։
Վերջինս այս միջադեպը գնահատել է որպես կազմակերպված հարձակում։ Նրա խոսքով՝ ամենածանր հարվածը ստացել է Դավիթ անունով երիտասարդը, ով տեղափոխվել է հիվանդանոց։
«Երեխաները շատ են վախեցել։ Ինձ համար ամենացավալին այն էր, որ ձեռք են բարձրացրել հղի կնոջ, տարեց կնոջ և երիտասարդ աղջիկների վրա։ Սա որևէ արդարացում չունի»,– նշեց Պողոսյանը։
Նա նաև դժգոհեց, որ մինչ օրս պետական կառույցների կողմից որևէ արձագանք չի եղել։
«Որտե՞ղ են այն կազմակերպությունները, որոնք խոսում են կանանց, երիտասարդների և տարեցների իրավունքների մասին։ Մինչ այս պահը որևէ պաշտոնական արձագանք չկա»,– ասաց նա։
Պողոսյանի կարծիքով՝ տեղի ունեցածը մեկուսացված դեպք չէ և տեղավորվում է վերջին օրերին արձանագրված մի շարք միջադեպերի շարքում։
«Նախ Նաիրի Հոխիկյանի տան մոտ հարձակում եղավ, հետո այրեցին Արմեն Ալեքսանյանի մեքենան, իսկ այժմ հարձակվել են երիտասարդների վրա։ Եթե որևէ մեկը քեզ կանաչ լույս չի տալիս, նման վարքագիծ չես դրսևորի»,– նշեց նա։
Հավելենք, որ միջադեպի հանգամանքների վերաբերյալ քննություն է իրականացվում։
Մանրամասները՝ տեսանյութում․