Հաղորդավար, զբոսավար Վարդան Սարգսյանն իր կյանքի ամենաերջանիկ ու սպասված փուլում է գտնվում: Նա բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում և մեծ սիրով է կիսվում իր որդու հետ անցկացրած ամեն մի թանկ ու անմոռանալի պահով:
Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Վարդանի քույրը՝ Մաշան սոցցանցերի իր էջում ջերմ ու տոնական հրապարակում է արել՝ հատուկ շնորհավորելով իր սիրելի եղբորորդու տոնը: Թեև Վարդան Սարգսյանը խուսափում է հանրայնացնել երեխայի մայրիկի անձը և երբեք չի խոսում նրա մասին, հանրությանը միշտ է հետաքրքրել այս թեման:
Ամալյա Հովհաննիսյանի հաղորդմանը տված իր անկեղծ հարցազրույցում հաղորդավարը փակագծեր էր բացել՝ անդրադառնալով որդու ծննդյանն ու տարածված լուրերին: Վարդանը հստակեցրել էր, որ իր երեխան բնական ճանապարհով է ծնվել և մեծ սիրո արդյունք է. «Երեխան սիրո պտուղ է: Այսքան տարի սպասելուց հետո ես չէի կարող ուղղակի ինչ-որ մեկից երեխա ունենալ»,— նշել էր հաղորդավարը։
Հունիսի 1-ի այս գեղեցիկ օրը հետևորդներն ու երկրպագուները միացել են Մաշայի շնորհավորանքներին՝ Վարդան Սարգսյանի փոքրիկ որդուն մաղթելով անհոգ, խաղաղ ու առողջ մանկություն՝ հայտնի հայրիկի կողքին: