copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 20:15 26-05-2026

ԵԱՏՄ-ից առանց հաշվարկի դուրս գալը ՀՀ տնտեսությանը ծանր հարված կլինի

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա և զրկվի ռուսական գազի արտոնյալ գնից, դա Հայաստանի տնտեսության համար շատ վտանգավոր կլինի, որովհետև մեր տնտեսությունը դեռ հարմարեցված չէ նման կտրուկ փոփոխությունների»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Հայաստանի համար ռուսական գազի գինը ներկայում արտոնյալ է, սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում այդ պայմանները կարող են փոխվել։

Տնտեսագետի խոսքով՝ ռուսական գազի ներկայիս գինը Հայաստանի համար համեմատաբար շահավետ է, նույնիսկ եթե սպառողին այն հասնում է ավելի բարձր սակագնով։

«Ռուսաստանը սահմանին Հայաստանին գազ է տրամադրում մոտ 170 դոլարով 1000 խմ-ի դիմաց, բայց այդ գինը սպառողին չի հասնում նույն արժեքով, որովհետև ներքին բաշխման, սպասարկման և այլ ծախսերի հետևանքով այն աճում է։ Այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում, սա համեմատաբար մատչելի գին է՝ համեմատած բազմաթիվ այլ երկրների հետ»,– նշեց Մակարյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը կորցնի այդ արտոնյալ պայմանները, հետևանքները զգալի կլինեն թե՛ տնտեսության, թե՛ շարքային քաղաքացիների համար։

«Հայաստանի տնտեսությունը դեռևս հարմարեցված չէ էներգիայի այլ աղբյուրների ամբողջական օգտագործման։ Օրինակ՝ եթե փորձենք գազը փոխարինել էլեկտրականությամբ՝ տաքացուցիչներով կամ այլ համակարգերով, դա երկար ժամանակ կպահանջի, իսկ էլեկտրաէներգիան այսօր դեռ թանկ է։ Եթե 1 կիլովատ ժամի գինը նվազեր մինչև 26–27 դրամ, հնարավոր կլիներ ավելի լուրջ քննարկել էլեկտրաէներգիան որպես գազի իրական այլընտրանք»,– ասաց տնտեսագետը։

Միևնույն ժամանակ, Մակարյանի խոսքով, Հայաստանը որոշ չափով ունի էլեկտրաէներգետիկ ինքնաբավության հիմքեր։

«Մենք ունենք ատոմակայան, խոսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգման մասին, կառուցվում են արևային կայաններ, անգամ խոսում ենք էլեկտրաէներգիայի արտահանման մասին։ Այսինքն՝ պոտենցիալ կա, բայց դա դեռ չի նշանակում, որ վաղը կարող ենք ամբողջությամբ հրաժարվել գազից»,– ընդգծեց նա։

Տնտեսագետը որպես այլընտրանքային տարբերակ նշեց նաև իրանական գազը, սակայն այստեղ, ըստ նրա, կան ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական լուրջ խոչընդոտներ։

«Իրանից եկող գործող գազատարը բավարար հզորություն չունի, որպեսզի ամբողջությամբ փոխարինի ռուսական գազին։ Եթե Հայաստանը որոշի ամբողջությամբ անցնել իրանական գազի, պետք է կառուցվի նոր, ավելի հզոր գազատար, ինչը մեծ ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում»,– ասաց Մակարյանը։

Բացի ենթակառուցվածքային խնդիրներից, նա մատնանշեց նաև աշխարհաքաղաքական գործոնը։

«Պետք չէ մտածել, որ մի աղբյուրից հրաժարվեցինք, մյուսը 100 տոկոս պատրաստ է նույն պայմաններով մեզ աջակցելու։ Իրանը նույնպես կարող է վերանայել իր գնային քաղաքականությունը կամ հաշվի նստել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Այս հարցերում տնտեսականն ու քաղաքականը միշտ փոխկապակցված են»,– նշեց նա։

Մակարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում գազային ենթակառուցվածքները նույնպես ռուսական ազդեցության տիրույթում են։

«Պետք է հաշվի առնել, որ ամբողջ գազաբաշխիչ ցանցը կապված է ռուսական կառավարման համակարգերի հետ։ Եթե նույնիսկ որոշենք այլընտրանքային գազ ներմուծել, հարց է առաջանում՝ գործող ցանցերը որքանո՞վ հասանելի կլինեն, թե՞ պետք է նոր ենթակառուցվածքներ ստեղծել։ Սրանք արագ լուծվող հարցեր չեն»,– ասաց նա։

Տնտեսագետի կարծիքով՝ գազի գնի թանկացումը կազդի ոչ միայն բնակչության կոմունալ ծախսերի վրա, այլև տնտեսության առանցքային ճյուղերի։

«Առաջինը կտուժեն էներգատար ոլորտները՝ հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, մետաղական արտադրությունները, պահածոների արտադրությունը, գործարանները, որտեղ գազը հիմնական էներգակիր է։ Եթե արտադրության ինքնարժեքը բարձրանում է, բնականաբար թանկանում է վերջնական ապրանքը, իսկ դա նշանակում է, որ հայկական արտադրանքը դառնում է պակաս մրցունակ արտահանման շուկաներում»,– ընդգծեց նա։

Մակարյանի խոսքով՝ նման զարգացումները կարող են բերել նաև ընդհանուր գնաճի։

«Եթե գազը թանկանում է, թանկանում են ապրանքները, ծառայությունները, արտադրությունը։ Սա արդեն հարվածում է ոչ միայն բիզնեսին, այլ շարքային քաղաքացիների գրպանին»,– ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով քաղաքական ուժերի հայտարարություններին, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից արագ դուրս գալու մասին, Մակարյանը դրանք համարեց ոչ բավարար հաշվարկված։

«Որոշ քաղաքական ուժեր ասում են՝ հաղթելու դեպքում վաղվանից դուրս ենք գալու ԵԱՏՄ-ից։ Բայց հարց է՝ իրենք հաշվարկե՞լ են ռիսկերը, տնտեսվարողների հետ խոսե՞լ են, հասկացել ե՞ն, թե բիզնեսը պատրաստ է նոր մաքսային կանոններով աշխատել, նոր շուկաներ գտնել, նոր հարկային պայմաններին դիմանալ»,– ասաց նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ նման որոշումներից առաջ պետք է իրականացնել բազմակողմանի մասնագիտական վերլուծություն։

«Եթե մի օր Հայաստանը նպատակ դնի դուրս գալ ԵԱՏՄ-ից, դրա համար պետք է տարիներով պատրաստվել՝ նախ այլընտրանքային շուկաներ ստեղծել, հասկանալ՝ որտեղից ենք բերելու գազը, վառելիքը, հացահատիկը, ինչպես ենք արտահանելու մեր ապրանքը, ինչպես ենք բարձրացնելու արտադրության որակը, մրցունակությունը։ Միայն դրանից հետո կարելի է մտածել նման ռազմավարական քայլերի մասին»,– նշեց նա։

Մակարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է աստիճանաբար ուժեղացնի սեփական արտադրական ներուժը, որպեսզի կախվածությունը արտաքին գործընկերներից նվազի։

«Մենք պետք է ոչ միայն վերարտահանող երկիր լինենք, այլ փորձենք այստեղ արտադրություն զարգացնել՝ տեխնոլոգիաներ, կենցաղային տեխնիկա, հավաքման արտադրություններ։ Այդ դեպքում մեր դիրքերն ավելի ուժեղ կլինեն նաև արտաքին հարաբերություններում»,– եզրափակեց տնտեսագետը։


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»