Դաշնակից երկրները հարգում են միմյանց անկախությունն ու ազգային իրավունքները։ Օրինակ՝ Ռուսաստանը հարգո՞ւմ է հայ ժողովրդի ազատությունը, ազատ լինելու իրավունքը, Հայաստանի անկախությունը, հայ ժողովրդի քաղաքակրթական ընտրությունը։
2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ Մոսկվան բացահայտ պաշտպանեց Ադրբեջանի ագրեսիան, ռուսական հռետորաբանությունը Հայաստանի վերաբերյալ նկատելիորեն փոխվել է։ Օրեր առաջ՝ մայիսի 23-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնհայտ արհամարհանքով է արտահայտվել ՀՀ անկախության և հայ ժողովրդի քաղաքակրթական ընտրության վերաբերյալ։
«Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել՝ առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում է Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ այս ամենը արվում է ՌԴ-ին հնարավորինս շատ ցավ պատճառելու, Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման առաջադրանքը դժվարացնելու համար։
Պարզ է, որ սա դաշնակից երկրի պաշտոնյայի խոսույթ չէ։ Եթե Հայաստանում ազգային ինքնասիրություն ունեցող իշխանություններ լինեին, ապա առնվազն պետք է նոտա ուղարկեին, քանի որ Լավրովի այս խոսքը վիրավորում է Հայաստանի ազգային արժանապատվությունը։ Հարկ էր ընդգծել, որ ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է, և վիրավորական է, երբ ինչ-որ մեկը կարծում է, թե մեզ օգտագործում են, կարող են օգտագործել կամ փորձում են օգտագործել։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե հայ պաշտոնյան ասի, թե Թուրքիան ու Ադրբեջանը 2020-2023 թվականներին օգտագործել են ՌԴ-ին հայ ժողովրդի դեմ զավթողական պատերազմում՝ Արցախը զավթելու, Արցախից հայ ժողովրդին բռնի տեղահանելու, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ զավթելու համար։ Մոսկվան դրանից կվիրավորվի՞, թե՞ լավ կզգա, որ ՌԴ-ին բութ գործիք են ընկալում, այլ ոչ՝ հանցակից։
Մոսկվան չգիտի՞, որ Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը 99 տոկոսով «Այո» է ասել, որ Հայաստանը դառնա անկախ, ժողովրդավարական պետություն։ Այսինքն՝ ժողովրդավարությունը Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է՝ ըստ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի։ Արևմուտքում ևս ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է։ Ուստի՝ ՀՀ-ն և ազատ ժողովրդավարական երկրները նույն քաղաքակրթության կրողներն են, ունեն արժեքային նույն համակարգը։ Հետևապես՝ Հայաստանի և ժողովրդավարական երկրների ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները բնական են։
Ռուսաստանում ժողովրդավարություն չկա։ Այս առումով ՌԴ-ն հակաքաղաքակրթության կրող է։ Հայաստանն ու Մոսկվան ընդհանուր արժեքներ չունեն, ընդհանուր առաքելություն և աշխարհաքաղաքական շահեր ևս չունեն։ ՌԴ-ն նույնիսկ ՀՀ ինքնիշխան իրավունքները չէր ճանաչում 2022-ի ագրեսիայից հետո։
Ռուսաստանը վաղուց այլևս գերտերություն չէ, քանի որ Սառը պատերազմում Սովետի պարտությունից հետո ռուսները կորցրել են երբեմնի ազդեցության գրեթե բոլոր գոտիները։ Վերջին շրջանում նա փորձում էր վերականգնել իր ազդեցությունը՝ որոշ տեղերում կազմակերպում է հեղաշրջումներ, կեղծում ընտրությունները և ռուսամետ ուժերին բերում իշխանության։ Օրինակ՝ 2018-ին, ըստ այս տեսակետի, ռուսական աջակցությամբ Հայաստանում ֆորպոստի վարչապետ կարգվեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ժողովրդավարական երկրների համատեղ ջանքերով կասեցվեց այս հակքաղաքակրթական ռևանշը, օրինակ՝ Մոլդովայում և Հունգարիայում, չհաջողվեց կեղծել ընտրություններն ու ռուսամետներին առաջ մղել։
Կարճ ասած՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է հակադարձել Լավրովին, քանի որ Հայաստանն անկախ ու ժողովրդավարական պետություն է։ Իսկ եթե Մոսկվան ուզում է Հայաստանի դաշնակիցը դառնալ, ապա պետք է հրաժարվի հակաքաղաքակրթական նկրտումներից, դառնա ժողովրդավարական պետություն, ինչպես նաև ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ վերջինիս պատճառած անթիվ կորուստների, վնասների, ցավի համար։ Գուցե հայ ժողովուրդը դրանից հետո ների, մոռանա իր դեմ կատարված հանցագործությունները և ռուս ժողովրդին վերաբերվի որպես դաշնակից երկրի ժողովրդի։