Սպորտը հաճախ ներկայացվում է որպես հայրենասիրության, դրոշի և օրհներգի պայքար։ Սակայն իրականությունը երբեմն շատ ավելի դաժան է․ մարզիկները հաճախ ընտրում են ոչ թե դրոշը, այլ այն պետությունը, որտեղ կարող են ապրել արժանապատիվ կյանքով, ստանալ գնահատանք և ապահովել ապագա։
1990-ականներին ծանրամարտի աշխարհը ցնցած, Բուլղարիայի դրոշի ներքո անընդմեջ հաղթանակներ կերտած էթնիկ թուրք Նաում Շալամանովը մի օր պարզապես հեռացավ։ Հեռացավ դեպի Թուրքիա և վերածվեց Նաիմ Սուլեյմանօղլուի՝ Թուրքիայի ազգային հերոսի։ Բուլղարիան, որը տարիներ շարունակ օգտվում էր նրա մարզական փառքից, այդպես էլ չկարողացավ պահել նրան։ Սուլեյմանօղլուն ընտրեց իր ինքնությունը, իր արմատները և մի պետություն, որը պատրաստ էր նրան դարձնել խորհրդանիշ։
Մյուս կողմից՝ նույն տարիներին Հայաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, արդեն անկախության առաջին ծանր ու մութ տարիներին, կանգնած էր լրիվ այլ իրականության առաջ։ Ոսկե մեդալ նվաճած մարզիկը կարճ ժամանակ անց լքեց դժվարությունների մեջ գտնվող հայրենիքը և տեղափոխվեց բարեկեցիկ Բուլղարիա` նրա դրոշի ներքո նվաճելով այլ բարձունքներ։

Ստացվեց պատմական հեգնանք․ Բուլղարիայից Թուրքիա տեղափոխված մարզիկը դարձավ ազգային լեգենդ Թուրքիայի համար, իսկ Հայաստանից Բուլղարիա տեղափոխված մարզիկը՝ Բուլղարիայի հպարտությունը։ Ավելին՝ ժամանակը ցույց տվեց նաև պետությունների վերաբերմունքի տարբերությունը սեփական հերոսների հանդեպ։ Նաիմ Սուլեյմանօղլուն, որը Թուրքիայի համար դարձավ ոչ միայն մարզիկ, այլ ազգային ինքնության խորհրդանիշ, նույնիսկ մահից հետո ստացավ Թուրքիայի նախագահի՝ Ռեջեփ Էրդողանի հրապարակային ցավակցությունը։ Իսկ Արմեն Նազարյանը, որն արդեն վաղուց Բուլղարիայի քաղաքացի էր և Հայաստանից փաստացի հեռացած մարզիկ, 2015 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց երախտագիտության մեդալով։
Սա արդեն ոչ թե պարզապես սպորտի, այլ պետական մտածողության պատմություն է։ Մի դեպքում պետությունը սեփական մարզիկին վերածում է ազգային գաղափարախոսության մասի, մյուս դեպքում՝ հայրենիքը հիշում է իր հերոսներին միայն այն ժամանակ, երբ նրանք վաղուց այլ երկրի դրոշի տակ են հաղթում։ Եվ ամենացավալին այն է, որ այս պատմությունները պատահական չեն։
Հայաստանը տասնամյակներ շարունակ ավելի հեշտ է կորցրել իր լավագույն մարզիկներին, գիտնականներին ու մասնագետներին, քան ստեղծել պայմաններ նրանց պահելու համար։
Արդյունքում ստացվել է դառը պատկեր․ մեկը «փախավ» բարեկեցիկ Բուլղարիայից դեպի Թուրքիա՝ ինքնության համար, մյուսը՝ դժվարությունների մեջ խեղդվող Հայաստանից դեպի Բուլղարիա՝ արժանապատիվ կյանքի համար։ Իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են Հայաստանի հաղթանակները հաճախ ավարտվում այլ երկրների օրհներգներով։