«Սոցիոլոգիական հարցումները շատ դեպքերում վերածվել են ոչ թե հանրային տրամադրությունները չափող գործիքի, այլ գործոնի, որով փորձում են ձևավորել այդ տրամադրությունները»,–
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված 2 սոցիոլոգիական հարցումների արդյունքների միջև եղած շեշտակի տարբերությանը։
Հիշեցնենք՝ երեկ սոցհարցման արդյունքներ էին հրապարակել Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը և Գելլափը։ Առաջինի արդյունքներով՝ ՔՊ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 38%-ը, իսկ ընդդիմադիր ուժերից ոչ ոք անցողիկ շեմը չէր հաղթահարի, երկրորդով՝ 28.8%-ը, սակայն հավաքական ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «
Բարգավաճ Հայաստան»
և «
Միասնության թևեր»
կուսակցությունները կստանային 41.5%, ինչը նրանց թույլ կտար կոալիցիոն կառավարություն ձևավորել։Քաղաքագետի խոսքով՝ տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալները հաճախ էականորեն տարբերվում են միմյանցից, ինչը պայմանավորված է ինչպես մեթոդաբանությամբ, այնպես էլ պատվիրատուի գործոնով։
Մաթևոսյանը նշեց, որ հատկապես հիշատակվող «Գելափ»-ի և IRI-ի հարցումները տարբեր պատկերներ են արձանագրում հանրային տրամադրությունների վերաբերյալ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման տարբերությունները միայն մեթոդաբանությամբ չեն բացատրվում, և հարցումների շուրջ ձևավորվում են նաև քաղաքական ենթատեքստեր։ «Կա տպավորություն, որ նման հարցումները կարող են օգտագործվել՝ ցույց տալու, թե գործող իշխանության համար այլընտրանք չկա, և այդ կերպ ձևավորել որոշակի հասարակական ընկալումներ»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ հարցումների հրապարակման ժամանակացույցը նույնպես կարող է լինել քաղաքականապես հաշվարկված։
«Հարցումները երբեմն հրապարակվում են այնպիսի ժամանակ, երբ դրանք համընկնում են այլ կազմակերպությունների ներկայացրած տվյալների հետ, ինչը արդեն ազդում է հանրային ընկալումների վրա»,– ասաց նա։
Մաթևոսյանը նաև ընդգծեց, որ նման հարցումները կարող են ազդեցություն ունենալ հասարակության վարքագծի վրա՝ ձևավորելով կեղծ տպավորություն լայն աջակցության վերաբերյալ։
«Կային մարդիկ, ովքեր հասկանում էին իրավիճակը, բայց ընդհանուր մթնոլորտը երբեմն այնպիսին էր, որ մարդիկ վախենում էին իրենց կարծիքը բացահայտ արտահայտել»,– ասաց նա։
Վերջում քաղաքագետը նշեց, որ հարցումների իրական ազդեցությունը և դրանց քաղաքական նպատակահարմարությունը ավելի հստակ կդառնան ժամանակի ընթացքում։