copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 20:00 21-05-2026

ԱԹՍ օպերատոր լինելու կարևորությունն ինքնուրույն գիտակցիր և կրթվիր․ կրկին կամավորների հույսին ենք

Բոլորն ընդունում են, որ ԱԹՍ-ները հիմքից փոխել են բանակային հին համակարգերը։

Ռազմական փորձագետները փաստում են, որ արդի բանակի զարգացման կարևորագույն տեխնիկական խնդիրն անօդաչու թռչող սարքերի ինտեգրումն է զորքերում։ Սակայն թե՛ մեզ մոտ, թե՛ հետխորհրդային այլ երկրներում դանդաղկոտ ու թղթատար վարչարարության մեջ իրական աշխատանք սկսեց տարվել այդ ուղղությամբ պատերազմների ճնշման ներքո, մասնավորապես այն ժամանակ, երբ միավոր արժողությամբ սարքերը խոցեցին իրենցից հազարավոր անգամներ թանկարժեք տեխնիկան, երբ շրջանցեցին պատերազմական հին թակարդներն ու գտան լավագույնս քողարկված կարևոր օբյեկտները, ինչպես նաև՝ երբ հակառակորդի առավելությունը դարձավ անշրջանցելի։

Օրինակ, չորրորդ տարին պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանից վերջին շաբաթներին արդեն նմանատիպ լուրեր են տարածվում (այդ աստիճան այլևս չի ստացվում խեղդել նման տեղեկատվությունը, որ տարածվում է նույնիսկ Ռուսաստանից) առ այն, որ տարբեր բուհերի ուսանողների նկատմամբ կիրառում են օրինական ու ոչ այնքան օրինական պարտադրանքի մեթոդներ՝ ուղղորդելով նրանց տիրապետել ԱԹՍ-ներ վարելուն և պատրաստելուն։ Ակնհայտ է, որ սա պատային իրավիճակից բխող որոշում է՝ պայմանավորված պատերազմող երկրում մասնագետների սղությամբ։

Իսկ մասնագետ պատրաստելն այս ոլորտում հեշտ գործ չէ, մանավանդ, որ երիտասարդը պետք է վստահվի պայթյունավտանգ սարքը զինակից ընկերներից մի քանի մետր հեռավորության վրա (երբեմն էլ հենց կողքին) օդ բարձրացնելու գործը։ Սա տեխնիկական գիտելիքներ ու վարելու հմտություններ է պահանջում, և դա (ինչպես և մեքենա վարելը սովորելիս) ամիսներ շարունակ հաճախակի ու պարբերաբար տեսական ու գործնական պարապմունքների անհրաժեշտություն է ենթադրում, այսինքն՝ ժամանակ ու միջոցներ։

Ասում են, թե մեր երկրում սա հասկացել են դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նռնակը ձեռքին իր դիրքից դուրս սողացող զինվորի հերոսական մահը շարունակում է ծանրանալ այն պաշտոնյաների խղճին, ովքեր պատասխանատու էին արդիականացնել բանակը, որպեսզի 200 մետր առաջանալու համար անհրաժեշտ լիներ ոչ թե զինվորի կյանքը, այլ այլ ընդամենը մեկ փոքրիկ ԱԹՍ-ի տասը վայրկյանանոց թռիչքը։

Այդ արյունալի բախումները պետք է ապտակ լինեին որոշում կայացնողներին։ Հիշում ենք՝ այդ օրերին հնչեցին այս խնդրի ընկալմանը հասած լինելու մասին հայտարարություններ։ Հայտնի մի ռազմագետ գրեց «Օդային գերակայություն» հաստափոր գիրքը։ Սակայն ոլորտով հետաքրքրվողների համար անշրջանցելի մնացին լուսահոգի Կարեն Վարդանյանի բարձրացրած խնդիրները՝ Պաշտպանության և այլ նախարարություններում ոլորտի զարգացումը խոչընդոտող հանգամանքներով ու պաշտոնյաներով։

2020-ի պատերազմն արդեն հազարավոր հայ զինվորների ու քաղաքացիական անձանց արյունով ներկեց բանակի արդիականացման այդ հապաղումը։ Ոլորտի պատասխանատուն՝ նախարար «Փետրվարի 31»-ը, պոստ ֆակտում նշել էր․ «Մեր նախարարությունը պատերազմի ընթացքում փորձնական պատվերներ է դրել տարբեր ընկերությունների և տարբեր տեսակի զինամթերքների նոր մշակումների համար, և դրա արժեքը կազմել է 2․5 մլրդ դրամ»։ Մինչդեռ, իհարկե, նոր իշխանության երկու տարիների ընթացքում շատ բան կարելի էր անել նախապես՝ այդպիսի զարհուրելի փաստերի չառերեսվելու համար։

Իսկ ի՞նչ է արվում մեր երկրում հիմա։ Պարտադիր դասընթացներ՝ ինչպես Ռուսաստանում, իհարկե, չկան։ Կան պետական կամընտրական խմբակներ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցում, «ԱրմԴրոն համայնք»-ում, և կան «Վիշապ», «Անգղ» և այլ մասնավոր նախաձեռնությունների կազմակերպած դասընթացներ՝ վճարովի ու անվճար։ Արդեն հետո, ինչպես ոլորտի մասին Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ էր փաստել, ոլորտով հետաքրքրվածներից հազարից մեկն է մնում այստեղ: Այսինքն, թե՛ պետական հովանավորությամբ և թե՛ վճարելով սեփական գրպանից՝ ԱԹՍ-ին տիրապետել ցանկացողները կամավոր որոշում են կայացնում և գտնում իրենց հարմար դասընթաց։ Անցնում են դասընթացը և, մեծամասամբ, թողնում ոլորտը կամ ամենաշատը ծառայության անցնում ԱԹՍ զորամասում։

Իսկ ի՞նչը կարող էր լինել ողջամիտ այլընտրանքը մերօրյա խնդիրների՝ հարևանների սպառնալիքների պարագայում․ ռազմագիտություն առարկայի դասարանները հագեցնել տեխնիկայով՝ համակարգչով և ռադիովահանակով, և աշակերտների հետ ունենալ ԱԹՍ-ների մասին տեսական ու գործնական դասեր, կազմակերպել իրական մրցաշարեր՝ սիմուլյատորներով և մինի-դրոններով, խրախուսել ոգևորվածներին, խմբային խաղեր կազմակերպել, ԱԹՍ-ն դարձնել հասկանալի սարք բոլորի համար՝ նրանցից ընտրելով անհամեմատ շատ շնորհալիքների։

ԱԹՍ-ին տիրապետելու մշակույթը տարածելը մի շատ կարևոր առավելություն ունի․ դա խաղաղասիրաբար՝ համակարգչային խաղեր խաղալով երկրի մարտունակությունը բարձրացնելն ու երկիրն իրական խաղաղությանը մոտեցնելն է։ Գոնե այս անգամ, դաս առնելով պատերազմով դաս առնող աշխարհի այսօրվա փորձից, հարկ է չհետաձգել այս գործը, որ նորից չվճարենք արյունով։

Հավելենք նաև, որ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսի ժամանակ մեզ կներկայացնեն նաև ԱԹՍ-ներ։ Բայց, իհարկե, չեն ասի, թե քանիսն են դրանք․ ռազմական գաղտնիք է։

Չեն ասի նաև, որ պատերազմը սկսվելուն պես դրանք սպառվում են արև տեսած ցողի պես․ ձեռնտու չէ։

Հաստատապես կշրջանցեն նաև այն հարցը, թե ինչու օպերատորներ պատրաստելու՝ անկասկած արդիական խնդիրը չի դառնում պետական մեկ-երկու հետաքրքիր ծրագրի հիմք․ հո չե՞ն մատնելու իրենց։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»