«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ առողջապահության ոլորտում նոր սկանդալ է հասունանում։ Պետական բժշկական կենտրոնների մի շարք տնօրեններ ընդունվել են Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ, սակայն հարցեր են առաջացել՝ ինչպես են նրանք համատեղում առկա ուսուցումն ու ղեկավար աշխատանքը։ Քննարկումների կենտրոնում է նաև հնարավոր «դիպլոմ՝ առանց իրական կրթության» մեխանիզմի գոյությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ընտրակաշառքի գործերով հարուցված վարույթների ֆոնին իրավապահ համակարգում լարվածություն է առաջացել։ Ըստ աղբյուրների՝ գաղտնալսումների ակտիվացման պատճառով համակարգում կա տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների պակաս, ինչի հետևանքով իրավապահները չեն հասցնում լսել բոլոր այն անձանց, որոնք հայտնվել են ուշադրության կենտրոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քայլեր է անում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ, արցախյան շրջանակներում քննարկվում է դրանց, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք վերականգնման հարցը։ Ըստ աղբյուրների՝ ակտիվ քննարկումներ են ընթանում նաև հնարավոր թեկնածուների և Արցախի պետական կառույցների աշխատանքը գործնական ռեժիմով վերականգնելու տարբերակների շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։
Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։ Ձերբակալվածների թվում եղել են նաև երկու կին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:
Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է` զենք-զինամթերք են փնտրում։ Չնայած փորձում են լրջացնել այդ տեսանյութը` իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են՝ լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։
Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այգեձորի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Արթուր Մելիքյանը պաշտոնից ազատվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուց հետո։ Թեև պաշտոնական պատճառները հստակ չեն ներկայացվում, իսկ մարզպետարանի կայքում համապատասխան որոշումը հրապարակված չէ, դպրոցի տնօրենը հաստատել է, որ ազատումը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։
Չնայած Երեւանից մի քանի ավտոբուս մարդ էին իրենց հետ տարել, որ նկարեն, ցուցադրեն, թե հրապարակը լիքն է, սակայն Սամվել Կարապետյանի հայրենակից տաշիրցիներն ինչպես Պապիկյանին էին օրեր առաջ մերժել, նույնն արեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։
ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետեւից։
Տղայի շրջապատն անհանգստացած է, որ ընտրություններից հետո համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն։