Ընթացող քարոզարշավի ժամանակ որոշ թեկնածուների ոչ համարժեք խոսույթն ու վարքը կրկին թարմացնում են պատգամավորի թեկնածուների հոգեկան առողջության ցենզի սահմանման թեման։ Մարդիկ հիմնավոր մտավախություն ունեն, որ ժխտման հիվանդությամբ կամ հոգեկան այլ լուրջ խնդիր ունեցող պաշտոնյան մեծ վնաս կարող է պատճառել ժողովրդին։
Երբ զինակոչիկի հոգեկան առողջության վերաբերյալ կասկած է առաջանում, ռազմաբժշկական հանձնաժողովը նրան ուղեգրում է հոգեբուժարան, որտեղ մեկ օրում հետազոտում և եզրակացություն են տալիս նրա հոգեկան առողջության վերաբերյալ։ Այսպես փորձում են նվազեցնել բանակում դժբախտ դեպքերը, որոնց պատճառներից մեկը կարող է լինել զինակոչիկի հոգեկան անառողջ վիճակը։
Վարորդական իրավունքի քննության համար ևս պահանջվում էր հոգեկան առողջության մասին տեղեկանք։ Այդպես ևս փորձում էին նվազեցնել ճանապարհատրանսպորտային դժբախտ դեպքերը։
Իսկ ինչո՞ւ պետական պաշտոնյայից, տվյալ պարագայում՝ պատգամավորի թեկնածուից, հոգեկան առողջության տեղեկանք չի պահանջվում, ինչո՞ւ ենք պետության ղեկը վստահում մեկին՝ առանց ստուգելու նրա հոգեկան առողջությունը։
Դեռ 1990-ականներին հանրային քննարկում ծավալվեց այս թեմայով։ Որոշ հոգեբույժներ, հոգեթերապևտներ առաջարկում էին հոգեկան առողջության ցենզ սահմանել պատգամավորի թեկնածուների, ինչպես նաև ընտրովի և նշանակովի քաղաքական պաշտոնների համար, որպեսզի խելագարները, վախեցածները, տագնապածները, շիզոֆրենիկները, կատատոնիկները, հեբեֆրենիկները, մի խոսքով՝ գժերը, չսողոսկեն քաղաքական համակարգ։
Այս մոտեցման ջատագովները կարծում էին, որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Հոգեպես անառողջ պաշտոնյան կարող է քաղաքական սխալ որոշումներ ընդունել և վնաս պատճառել ժողովրդին։ Իսկ եթե պետության ղեկավարը հոգեկան առողջության խնդիր ունենա, ապա կանխատեսելի են պատերազմը, կորուստները։
Սակայն բազմաթիվ մարդիկ դեմ էին այս առաջարկին։ Նրանց կարծիքով՝ հեղափոխականները, քաղաքական վերափոխումների հեղինակները հոգեկան առողջության խնդիրներ են ունեցել, խելագարված ամբոխներ են եղել։ Բայց այդ խելագարների շնորհիվ աշխարհը փոխվել է, զարգացել, առաջադիմել։
Սյուռեալիստներն ու հետմոդեռնիստները նույնպես դեմ էին հոգեկան առողջության ցենզին։ Նրանց շեշտում էին, որ անհնարինն իրականացնելու ձգտումը շատերի կարծիքով խելագարություն է։ Սակայն հենց այդ ձգտման շնորհիվ է առաջընթաց լինում։ Արվեստի և գիտության ասպարեզում շատ են հոգեկան խնդիր ունեցողները, որոնք լրջորեն նպաստել են մարդկության առաջընթացին։
Սիմոն Բոլիվարի արշավը դեպի Կարակաս շատերի կարծիքով խելագարություն էր։ Այդ արշավն անցնում էր Կորդիլիերյան լեռներով, որոնցով անցնելիս Բոլիվարը կորցրեց իր բանակի մի մասը։ Սակայն նրա արշավն ի վերջո հաջողությամբ պսակվեց։ Նրա ջանքերով իսպանական բազմաթիվ գաղութներ անկախացան, իսկ Բոլիվարն այսօր կոչվում է El Libertador (Ազատարար)։
Խորհրդային բռնազավթման շրջանի որոշ ղեկավարներ հոգեկան լուրջ խնդիրներ են ունեցել, ինչի արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են աքսորվել ու սպանվել, այդ թվում՝ հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Չարենցը, Բակունցը և ուրիշներ։
Հայաստանի քաղաքական համայնքում նույնպես հոգեկան խնդիրներ ունեցողների պակաս չկա։ Ընթացող քարոզարշավի ընթացքում օրինակներ կան, երբ թեկնածուն հոգեկան անառողջ վարք է դրսևորում։ Օրինակ՝ որոշ հիմարներ Հայաստանի անկախությունը կասկածի տակ են դնում, ցանկություն հայտնում խորացնել Հայաստանի՝ ՌԴ-ից կախվածությունը, դեմ են արտահայտվում անկախության ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնք արվում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերով։ Ոմանք ռուսական շահերը ազգայինից բարձր են դասում, խոստանում, որ ռուսական շահերի դեմ երբեք ոչինչ չեն անի։ Այսպիսի խոսույթը կատարյալ հիմարություն է։
Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, մետրոյում կորցրեց ինքնատիրապետումը արցախցի կնոջ և նրա տղայի հետ զրուցելիս։ Մայիսի 18-ին նա կրկին վիրավորական բառեր օգտագործեց, երբ իր հետ զրուցող մարդիկ քննադատեցին նրա քաղաքականությունը։
Նկատենք, որ ժողովրդավարությունը հանդուրժողականություն է պահանջում մրցակիցների, այլ կարծիք ունեցողների նկատմամբ։ Նրանց չի կարելի փողոցային բառեր ուղղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում իր մրցակիցների և նրանց ենթադրյալ ընտրողների հասցեին։ Սա հակաժողովրդավարական է։ Եթե այսպես շարունակվի, ապա ընտրությունները կիմաստազրկվեն։ Եթե Փաշինյանն իսկապես իր մրցակիցների նկատմամբ անի այն, ինչ սպառնաց մայիսի 18-ին մարդկանց հետ զրուցելիս, ապա կարող ենք հրաժեշտ տալ ժողովրդավարությանը։ Փաշինյանը չի հասկանո՞ւմ, որ իր արարքը հակաժողովրդավարական է։ Պետք է Մարիա Զախարովան ասի, նոր գիտակցի՞, թե ինչ վնաս է տալիս պետությանն ու ժողովրդին իր անհավասարակշիռ վարքով։
Հենց այս ակնհայտ ռիսկը հաշվի առնելով էլ հրատապ է դառնում թեկնածուների համար հոգեկան առողջության ցենզի սահմանումը։ Թող բոլորը հոգեբուժարանից տեղեկանք բերեն, որ անցել են համապատասխան հետազոտությունը և առողջ են։ Այսպես գուցե հնարավոր կլինի մաքրել քաղաքական դաշտը գժերից, պաշտպանել ժողովրդին աղետներից և ապահովել պետության հարատևությունը։
Թաթուլ Մկրտչյան