«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև մի շարք դասախոսներ։ Սակայն առավել մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև համալսարանի ղեկավարության պահվածքը։ Մինչ դասախոսական կազմը սպասում է հստակ արձագանքի և ինստիտուցիոնալ պաշտպանության, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շարունակում է պահպանել լռություն։
Համալսարանի ներսում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ ղեկավարությունը փաստացի ինքնամեկուսացել է ստեղծված ճգնաժամից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։
Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։
https://youtu.be/pRrqyIVBksI?si=tIJ4KNlGIJAqw8e9
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, 2015-ին, երբ եղել է 25 տարեկան, աշխատել է «Ախթամար տուր» տուրիստական ընկերությունում՝ որպես էքսկուրսավար։
Նա տուրիստական խմբեր է ուղեկցել Արեւմտյան Հայաստան, պատմել հայրենիքի կորսված մասին, ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտողականության մասին։ 2018 թվականին, երբ նա նշանակվեց սփյուռքի նախարար, հրապարակված իր կենսագրության մեջ «Ախթամար տուր»-ում աշխատելու մասին հիշատակում կար, իսկ այժմ Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը եւ այնտեղից հեռացրել անցանկալի դրվագները, այդ թվում` գիդ աշխատելու վերաբերյալ հիշատակումը։
«Հրապարակ» թերթը գրում է. Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում, եւ այն բացասական մեծ ազդեցություն է թողել մինչ այդ իշխանության մեջ համեստ եւ կիրթ մարդու տպավորություն թողած պաշտպանության նախարարի հեղինակության վրա։
Պապիկյանի ցուցումով, հիշեցնենք, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել 10 տաշիրցի, որոնք Սամվել Կարապետյանի աջակիցներն են եւ այդ պահին քարոզարշավ անելիս են եղել, բայց Պապիկյանը համարել է, որ խոչընդոտում են իրենց հավաքին` փակել են իրենց ճանապարհը, ու հրահանգել է ոստիկանությանը` նրանց բերման ենթարկել։
«Հրապարակ» թերթը գրում է. Որոշ տեղեկություններով, ուրբաթ օրը Վանաձորում իրավապահները խուզարկություն ու ձերբակալություններ են արել ոչ միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում եւ այդ ուժի հետ փոխկապակցված անձանց պատկանող տարածքներում, այլեւ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորների շրջանում:
Վանաձորում խոսում են, որ ՔՊ-ի սրտի քաղաքապետ Ական «տակից» աշխատում է Սամվել Կարապետյանի համար, «ճշտի պանյատները» թույլ չեն տալիս, որ նա Նիկոլ Փաշինյանի համար «վիզ դնի», իշխանություններն էլ իմացել են ու որոշել նրա հետ կապ ունեցող անձանց միջոցով ստուգել ու պարզել դա: Թեեւ չի բացառվում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական կասկածամտության դրսեւորումն է, որը հիմքեր չունի: Թե ինչ են պարզել այդ գործողությունների արդյունքում, մեզ չհաջողվեց իմանալ: Չկարողացանք կապ հաստատել Ակայի հետ։ Սակայն մեզ ասացին, որ բոլոր ձերբակալվածներին արդեն ազատ են արձակել։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների համաձայն Փաշինյանը բավական կոշտ զրույց է ունեցել ցուցակի հիսունյակի հետ։
«Նստել մեմակ չափչփում եք փողոցները, ասեք-խոսեք, սաղիդ գործը ես եմ անում։ Մեկիդ նյարդը չի շարժվում, մենակ բուկլետ բաժանելով չի, գործ արեք, որ հունիսի 8-ին գլխներիդ չտաք»,-ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը թիմակիցներին»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հատկապես խուճապի մեջ հայտնված ՔՊ-ականներին Փաշինյանը ամենօրյա ռեժիմով վստահեցնում է, որ իրենց հաղթանակը անկասելի է.«Թող հլը ասեն-խոսեն, վերջին շաբաթվա մեջ նենց կոմպրոմատներ են «պայթելու», որ սրանք շտաբներից չեն կարա դուրս գան, թող մինչեւ վերջ մաշացնեն իրանց», -տարածված լուրերի համաձայն այս կերպ է իր կողքը պահում վախվորած թիմակիցներին։