Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Աննա Կոստանյանի հետ զրուցել ենք Հայաստանում մեկնարկած նախընտրական քարոզարշավի, դրան պաշտոնյաների մասնակցության, առանցքային շեշտադրումների, ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հավանականության, փողոցային պայքարի պատրաստ լինելու անհրաժեշտության, Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության ու դրա ազդեցության, Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթաժողովի ու դրա քարոզչական բաղադրիչի, 5 տարի առաջ այս օրը ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ներխուժման, դրան պատշաճ չարձագանքելու հետևանքների, հաջորդ իշխանությանը սպասվող ժառանգության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Աննա Կոստանյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրավապահներին «քսի տալ» ժողովրդի վրա։
«Ես կարծում եմ՝ այստեղ առաջին հերթին ընդդիմության տարբեր թևերի միջև հնարավոր համագործակցության շանսերն են։ Այսինքն՝ ընդդիմությունը, այս պահին հասկանալով, որ բավականին լուրջ հնարավորություն ունի, այսինքն՝ համատեղ, համագործակցության միջոցով հա, մեծամասնություն ձևավորելու, պետք է դադարեցնի իրար մեջ շարունակական այդ գզվրտոցը, միմյանց մեղադրանքները և արդեն իսկ այս պահից սկսած պայմանավորվի։ Արվո՞ւմ է, թե՞ չի արվում՝ չեմ կարող ասել, քանի որ ինքս այսպես ասած անմիջական մասնակցություն չունեմ։
Իսկ ի՞նչ ակնկալել Նիկոլ Փաշինյանից․ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական դերակատարն է, որը բազմիցս ապացուցել է, որ անկանխատեսելի է։ Նա կարող է մի բան ասել և անել լրիվ տրամագծորեն հակառակը, այնպես որ այսպես, եթե հակիրճ ասենք՝ կարելի է սպասել ամեն ինչ՝ ընդհուպ մինչև սեփական ժողովրդի վրա նաև իրավապահ համակարգը չակերտների մեջ ասած «քսի տալը»։ Այլապես՝ ինչի՞ համար են բազում, բազմաթիվ ոստիկանները, գվարդիաները ձևավորված, որոնք լեփ-լեցուն շրջում են, որոնք իրենց բուն գործառույթն իրականացնելու փոխարեն՝ քաղաքացիական և հասարակական կարգը հսկելու փոխարեն հակառակը՝ քաղաքական դերակատարների հետևից են գնում, ասֆալտներին փռում, բանտերում պահում և այլն: Սա ինչ-որ բանի համար ստեղծվել է, և հուսանք, Աստված տա՝ չհասնի բանը նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր հայրենակիցների դեմ դուրս գա»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ այս իշխանությունը հեշտ չի հանձնվելու։
Մանրամասները՝ տեսանյութում․