Փաշինյանը վարչապետ է, նախագահ, ԱԱԾ պետ, գլխավոր դատավոր, ԲԴԽ նախագահ, Կադաստրի պետ, ինչ կա՝ ինքն է. Էդմոն Մարուքյան
Մեր ամբողջ ժողովուրդը դժգոհ է դատական իշխանությունից և ասում է, որ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն չկա, Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը։
Այս մասին ԲԴԽ-ի առջև տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի առջև ենք և իրավական պետության մասին պիտի խոսենք։ Այս մարմինը ՀՀ-ի դատական իշխանության ամենաբարձր և ամենաանկախ մարմինը պետք է լիներ։ Բայց մենք ի՞նչ ունենք։ Վերջին 8 տարիների ընթացքում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են և այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի մասնակցությամբ ինչ որ ժողովների։ Սա՝ մեկ։ Մյուսը՝ վերջին 8 տարիների ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ 5 նախագահ է փոխվել, 5 անգամ այս մարմնի ղեկավարը փոխվել է, ինչը բացարձակապես չի խոսում անկախ մարմին ունենալու մասին։ Մյուս հանգամանքը՝ այս մարմնի նախագահներից մեկը աշխատանքից ազատվել է վարչապետի վոթսափի գրառումով։ Այսինքն՝ վոթսափով մեսիջ է ուղարկել, մարդը հրաժարական է տվել»,- մանրամասնեց ԼՀԿ նախագահը։
Մարուքյանի խոսքով՝ ժողովուրդը դժգոհ է դատական իշխանությունից և ասում է, որ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն չկա։
«Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը։ Եվ ինչո՞ւ հունիսի 7-ին պետք է ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև չունի անկախ, արդար դատական համակարգ։ Եթե նախկինում ցածր աշխատավարձով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Ինչո՞ւ չի այս մարմինն իր գործն անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր վրա։ Ինքը վարչապետ է, նախագահ է, ԱԱԾ պետ է, գլխավոր դատավոր է, ԲԴԽ նախագահ է, Կադաստրի պետ է, ինչ կա՝ ինքն է։ Այս երկրում ինստիտուտներ չկան»,- ասաց նա։
Ֆոտոշարք