Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 4-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը: Այն անցնում է «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում է Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Չնայած հրավերին՝ Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձևաչափը՝ առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է եկել: Գագաթաժողովին զուգահեռ Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում՝ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով, ակցիայի մասնակիցները նաև Եվրոպայի առաջնորդների ուշադրությունն են հրավիրում արցախցիների իրավունքների վրա: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը այս ձևաչափը հիմնադրվել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով՝ հենց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Այս ձևաչափով 1-ին գագաթաժողովը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին էր՝ Պրահայում, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի բացման խոսքում՝ ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է, որ ոչ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությանը։ Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակա կարգով»,- ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։ Նրա խոսքով՝ եվրոպական գագաթնաժողովների ընթացքում իր համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես իր առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել ԵՔՀ առաջին գագաթնաժողովի ընթացքում, հիմա էլ Թուրքիայի փոխնախագահն է առաջին անգամ Հայաստանում։ Մի շարք երկրների ղեկավարներ առաջին անգամ են Հայաստան այցելում այս գագաթնաժողովի շրջանակում, ինչը, ըստ Փաշինյանի, պատմական է։ Նա հավելել է, որ առհասարակ գագաթնաժողովի հյուրընկալումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երևանյան հարթակը օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Ալիևն, ով երևանյան այս գագաթաժողովին տեսակապի միջոցով էր մասնակցում, պնդել է, թե իբր Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն Արցախում 2023 թվականին վերջ է դրել այսպես կոչված «անջատողականությանը»։ Ալիևը նշեց, որ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելաոճ, քանի որ «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար» ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Ըստ Ալիևի՝ Եվրոպական խորհրդարանն էլ «խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում». «2021թ․ մայիսից մինչև 2026թ․ ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք «վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտություն և սուտ, իսկ դրա պատճառն այն է, որ Բաքուն իբրև պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանն ու Արցախի ղեկավարությանը, որոնց նա պատերազմական հանցագործներ է անվանել, կանգնեցրել արդարադատության առաջ, ինչի համար էլ իր երկիրը մայիսի 1-ին որոշում կայացրեց բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան