«Այո, վստահ եմ, որ խնդիրը կարող է կարգավորվել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրմամբ, որովհետև ռազմական օմբուդսմենի ինստիտուտը առավել մասնագիտացված և զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտ կլինի, որի ամենակարևոր խնդիրը որևէ մեկից կախվածություն չունենալն է լինելու։ Մասնագիտացված օմբուդսմենի ինստիտուտի գոյությունը, և ամենակարևորը՝ անկախ ինստիտուտի առկայությունը, հավելյալ վստահություն կներշնչի ԶՈւ անձնակազմի համար, որովհետև իրենք կկապավինեն ռազմական օմբուդսմենի ինստիտուտի օգնությանը և փորձ կարվի նրանց միջոցով վերականգնել կամ նպաստել իրենց իրավունքների պաշտպանությանը։ Ես շատ կարևորում եմ և միանշանակ կողմնակից եմ, որ ՀՀ ԶՈւ-ում ներդրվի ռազմական օմբուդսմենի ինստիտուտը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով բանակում զինվորական օմբուդսմենի համակարգի ներդրման անհրաժեշտությանը։
Նշենք, որ նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այցի շրջանակներում շեշտվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է և գտնվում է նրա մշտական ուշադրության ներքո Անդրադառնալով բանակում, ՊՆ կառույցներում մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակին, Նորիկյանը պնդեց, որ վերջին տարիների գործունեության արդյունքը համոզմունք է ձևավորել, որ դեռևս ամբողջովին ինստիտուցիոնալ առումով չի գործում բողոքարկման համակարգը։
«Կարգապահական կանոնագիրքը ստորին օղակներից վերին օղակներ մարդկանց իրենց բողոքները տեղ հասցնելու հնարավորությունը ոչ լիարժեք են կարողանում օգտվել։ Վերջին տարիներին կադրային քաղաքականության ոլորտում կրճատումները՝ հաստիքների, մարդկանց աշխատանքից ազատելը, որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս, և էլ չասած շարքային կազմում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ոչ ֆորմալ բարքերի առկայությունը, հանցավոր բարքերի գերակայությունը։ Ցավոք սրտի, թղթախաղերի և թմրանյութերի ներմուծումը ԶՈւ և դրանց ծավալների մեծացումը լրջորեն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը ԶՈւ-ում։ Մենք պետք է նաև ինքնասպանությունների դինամիկան գնահատենք, որը ամենապրոբլեմատիկն է։ Միայն այս տարվա ընթացքում մի քանի նմանատիպ դեպքեր են արձանագրվել, որոնք գուժում են այն մասին, որ ԶՈւ-ում հանցավոր բարքերը կամ ոչ կանոնադրական հարաբերությունները գերիշխում են, և այսպես կոչված ոչ ֆորմալ պատկերի գերակայության արդյունքում մարդկային ճակատագրեր են խեղվում»,- մանրամասնեց փաստաբանը։
Նորիկյանի գնահատմամբ՝ այս առումով Ռազմական համալսարանը որպես թիրախ ճիշտ է ընտրված։
«Խորքային առումով ես հավաստիացնում եմ, որ մեր բանակի խնդիրը ոչ թե շարքային կազմն է, այլ սպայական կազմը։ Քանի դեռ մենք չենք ձևավորել իսկապես զինվորական էլիտա, որը պատրաստված է, որը ունակ է ապահովելու բանակի մարտունակությունն ու կրթվածությունը, զարգացման մակարդակը, խոսել բանակի ընդհանուր զարգացվածության մասին սխալ կլինի։ Բանակի կորիզը, ողնաշարը սպայական կազմն է»,- եզրափակեց նա։
Արփինե Նավասարդյան