copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:41 24-04-2026

Նիկոլի համար Թուրքիայի դրոշն այրելը սադրանք է, Արցախի եկեղեցիները ոչնչացնելը՝ ոչ

Մերի Հակոբյան

Լրագրող

Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկին արդեն ավանդական դարձած Թուրքիայի դրոշի այրումն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս լայն քննարկումների առիթ է դարձել։

Անգամ իշխանության ղեկավարը անձամբ անդրադարձել է թեմային՝ քննադատելով այն:

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, որը ներկայացրել է իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ։

Զոհրաբյանի խոսքով՝ ջահերով երթի նախաձեռնողը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, և հատկապես դրա երիտասարդական կառույցը, որը տարիներ շարունակ նման խորհրդանշական ակցիաներ է իրականացրել։

«Ես կարծում եմ, որ այդ հարցը նախ պետք է ուղղել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, քանի որ ջահերով երթի նախաձեռնողը հենց այդ քաղաքական ուժն է, մասնավորապես՝ նրա երիտասարդական կառույցը, որն ավելի քան 30 տարի ավանդաբար այրում է Թուրքիայի դրոշը։ Բայց կարող եմ ասել, թե որն է այդ սիմվոլիկայի իմաստը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նման քայլը կապված է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումը հիշեցնելու հետ։

«Մի երկիր, որը իրականացրել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն և շարունակում է ժխտել այն, բնականաբար նման վերաբերմունքի է արժանանում։ Կարծում եմ՝ այդ կերպ փորձում են հերթական անգամ միջազգային հանրության և ցեղասպանությունների կանխարգելմամբ զբաղվող կառույցների ուշադրությունը հրավիրել Թուրքիայի պատասխանատվության վրա»,- նշեց Զոհրաբյանը։

Նա անդրադարձավ նաև այն քննադատություններին, որոնք հնչել են դրոշի այրման կապակցությամբ։

«Ես տեսա մեկ մարդու և մեկ ռեժիմի վրդովմունքը։ Ջահերով երթը դեռ չէր ավարտվել, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն արձագանքել էր՝ դրոշի այրումը համարելով սադրանք և լարվածություն հրահրող քայլ։ Սակայն ես չեմ տեսել նույնպիսի արձագանք, երբ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը Արցախում»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ վերջին օրերին ևս ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այդ թեմայով իշխանությունների արձագանքը բացակայում է։

«Երբ Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակով հողին է հավասարեցնում հայկական մշակութային կոթողները, այդ թվում՝ Ստեփանակերտի եկեղեցիները, մենք չենք լսում նույն վրդովմունքը։ Սա է հիմնական տարբերությունը՝ մի կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդանշական ակցիայի և պետական մակարդակով իրականացվող վանդալիզմի միջև»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Զոհրաբյանը նշեց, որ անձամբ կողմ է Հայաստանի հարևանների, այդ թվում Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, սակայն ոչ ազգային արժանապատվության կամ պատմական հիշողության հաշվին։

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր կարծում են, որ Հայաստանը պետք է բոլոր հարևանների, այդ թվում Թուրքիայի հետ ունենա բնականոն և հանդարտ հարաբերություններ։ Բայց այդ հարաբերությունները չպետք է լինեն այն գնով, որ մենք լռենք Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների կամ Հայաստանի դեմ իրականացված գործողությունների մասին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին