copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:08 21-04-2026

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։

Խոսքը կառույցի մասին է, որի գոյությունն ու նշանակությունը անհերքելի են։ Այն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։

Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք։

Նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում, որի ոչնչացման մասին տեղեկությունները հրապարակվել էին օրեր առաջ։ Երբ նման դեպքերը կրկնվում են կարճ ժամանակահատվածում, այլևս անհնար է խոսել պատահականության մասին․ սա հետևողական գիծ է՝ ուղղված մշակութային հիշողության ջնջմանը։

Ամենաողբերգականն այն է, որ ոչնչացվում են ոչ միայն քարերն ու պատերը, այլ դրանցում կուտակված հիշողությունը, հավատը, համայնքային կյանքը։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել ընդամենը արձանագրումներով, ապա այս գործընթացը կխորանա՝ վերածվելով լռությամբ թույլատրված մշակութային ոչնչացման։

Ստեփանակերտի այս եկեղեցու ճակատագիրը պարզապես մեկ հուշարձանի պատմություն չէ․ դա փորձ է վերաձևակերպելու իրականությունը՝ ջնջելով անցյալը։ Իսկ նման փորձերը, եթե չեն արժանանում համարժեք հակազդեցության, սովորաբար կրկնվում են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ