Քաղքենիա-ժողովրդավարական վերափոխումներից հետո ձևավորվել են նոր տիպի պետություններ և քաղաքացիական հասարակություններ։ 1991-ից ՀՀ-ում ևս քաղաքացիական հասարակության ձևավորումը հռչակվել է նպատակ, մեծ ջանք է գործադրվել, որ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը արմատավորվեն որպես արժեքներ, մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորվի և այլն։ Եվ պետության սյուները կամ ողնաշարը ժողովրդավարական այս արժեքներն են։
Այլ բան է ոստիկանապետությունը։ Սա այն տիպի պետությունն է, որտեղ ոստիկանն է որոշում և՛ օրենքի, և՛ մարդու իրավունքների սահմանները, և՛ արժեքները, և՛կարգը։ Այստեղ ոստիկանը միշտ ճիշտ է, քաղաքացին սխալ։ Ոստիկանին ամեն ինչ կարելի է, քաղաքացուն կարելի միայն այն, ինչ թույլ է տալիս ոստիկանը։ Այս տիպի երկրում 3 հիմնական կաստա կա՝ ոստիկան, գողական, հարիֆ։ Այստեղ ընդդիմությունը որակվում է քրեական ենթամշակույթի կրող, հանցագործ, գող, ավազակ, թալանչի, որոնց հալածելը, հետապնդելը, կանխելը ոստիկանի առաքելությունն է։
«Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ՆԳՆ-ում Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:
Ինչո՞ւ է Փաշինյանն ասում, թե պետության ողնաշարը ոստիկանությունն է, և արդյո՞ք նա ակնարկում է, որ ՀՀ-ն կարող է ոստիկանապետություն դառնալ։
Ոստիկանությունն այն տեսքով, ինչպես կա այսօր, առաջին անգամ ստեղծվել է Անգլիայում 1830-ականներին ՆԳ նախարար, հետո վարչապետ Ռոբերտ Պիլի նախագծով։ Ոստիկանին Պիլի պատվին ասում էին՝ Բոբի կամ Բոբո քեռի։ Հետո այս տիպի կառույց ստեղծվել է Եվրոպայի և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ 108 տարի առաջ՝ նաև Հայաստանում։
Հարկ է հատուկ նշել, որ անկախությունից հետո Վանո Սիրադեղյանն է դրել այս կառույցի հիմքերն ու ավանդույթները, սահմանել քաղաքական առաքելության շրջանակները։ Ոստիկանությունը նախկինների օրոք թափանցիկ ու հաշվետու կառույց էր, քաղաքացիների նամակներն անպատասխան չէին մնում։
Ոստիկանությունն արտաքին, ամերիկյան ամենամեծ դրամաշնորհներ և ֆինանսական հատկացումներ ստացող պետական կառույցն է։ Արևմուտքն իրոք շահագրգիռ է, որ այս կառույցը կայանա, պաշտպանի ոչ միայն կարգուկանոնն ու օրինապահությունն, այլև երկրի ընտրյալ ղեկավարին, կանխի հակաժողովրդավարական ճանապարհով իշխանության ձևավորման, հեղաշրջման, ահաբեկչության փորձերը և այլն։
Ոստիկանության դերը շատ մեծացավ 2020-ի պարտությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ձգտում էր զրոյի։ Այսօր էլ նրա իշխանության ամենալուրջ պաշտպանը ոստիկանությունն է։ Հարյուրավոր, երբեմն՝ հազարավոր ոստիկաններ են ներգրավում Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար, երբ նա հանրային վայրեր է այցելում։
Առաջիկա ընտրություններում ևս մեծ դերակատարում է վերապահվելու ոստիկանությանը։ Մասնավորապես՝ քարոզարշավի շրջանում մեծ թվով ոստիկաններ են պաշտպանելու Փաշինյանին։ Չեն բացառվում հետընտրական հանրահավքներն ու ցույցերը, որոնց ճնշման կամ կառավարելի ընթացքում պահելու հարցում ևս հիմնական պատասխանատուն լինելու է ոստիկանությունը։
Այս առումով՝ ենթադրելի է, որ ոստիկանությունը ոչ թե պետության, այլ ՔՊ-ական իշխանության և Փաշինյանի պաշտպանության ողնաշարն է։ Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների, գաղտնալսումների ու ձերբակալությունների հարցում ոստիկանությունը պետք է շատ ամուր լինի։ Հավանաբար՝ Փաշինյանն այս իմաստով է կիրառել ողնաշար բառը և ակնարկել, որ այն պիտի ամուր լինի։
Կարճ ասած՝ ռեալ վտանգ կա, որ ոստիկանն առաջիկայում ՔՊ-ին ու Փաշինյանին պաշտպանելու գործում ստիպված խախտելու է մարդու իրավունքներն, օրենքն ու արժեքները։ Աներկբա է, որ ոստիկանի այդօրինակ վարքն մեծ վնաս կտա ոչ միայն մարդկանց, այլև պետությանը։ Եվ քաղաքացիները ոստիկանին կվերաբերվեն ոչ թե որպես պետության ողնաշարի, այլ մարդու, օրենքի, իրավունքի դեմ բութ մահակի։ Այս պիսի ընկալումը վնասակար է սոցիալ հոգենաբանական առողջության առումով։
Թաթուլ Մկրտչյան