«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական գրությունը, որտեղ ներկայացված է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունը։
Ըստ այդ տեղեկանքի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 489 031։
Մարզերով պատկերն այսպիսին է.
• Արագածոտն — 113 302
• Արարատ — 220 058
• Արմավիր — 224 696
• Գեղարքունիք — 178 402
• Լոռի — 213 703
• Կոտայք — 238 979
• Շիրակ — 209 519
• Սյունիք — 101 648
• Վայոց ձոր — 43 751
• Տավուշ — 101 695
Երևանում ընտրողների թիվը բաշխված է այսպես.
• Կենտրոն — 95 393
• Քանաքեռ-Զեյթուն — 57 937
• Էրեբունի — 91 130
• Նուբարաշեն — 8 539
• Նորք-Մարաշ — 10 916
• Ավան — 39 919
• Արաբկիր — 95 763
• Դավթաշեն — 35 028
• Աջափնյակ — 85 354
• Մալաթիա-Սեբաստիա — 109 785
• Շենգավիթ — 113 456
• Նոր Նորք — 100 058
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2025 թ. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։
Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. Պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։ Նույնիսկ եթե վերականգնված գումարին ավելացվի նաև արգելանքի տակ դրված 156 մլն դրամ արժողությամբ գույքը, միևնույն է, ընդհանուր ծավալի համեմատ արդյունքը մնում է սահմանափակ։ Այդ դեպքում էլ պետության վնասի վերադարձված կամ առնվազն ապահովված հատվածը կկազմի մոտ 13,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 86 տոկոսը շարունակում է մնալ չփակված։
«Հրապարակ» թերթը գրում է․ Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին:
Պատճառն ինչ-որ քոլեջի ուսանողի, իբրև, սխալ ֆինանսավորումն էր եղել, չնայած նախարարությունում վստահ էին, որ նախարարը, ըստ համակարգի աղբյուրների, փորձել էր ազատվել ոչ այնքան յուրային կադրերից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով նախկին պաշտոնյաները դիմել էին դատարան։ Երեկ տեղեկացանք, որ երկուսն էլ հաղթել են դատարանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։
Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։ Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։
«Հրապարակ» թերթը գրում է․ 2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երեւանից ժամանածները ծանոթացել էին նաեւ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։
Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. Դեկտեմբերին: Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երեւի արդեն պատրաստ կլինի»։
Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղանք Կիրանցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց՝ այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր փիառին։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ մեկ օրենսդիր ամբիոնից գերազանցեց ԱԺ կանոնակարգ օրենքով հատկացված ժամանակը կես ժամով: Ավելին, նա նաեւ ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար՝ արհամարհելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։