«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորրը։
Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։
Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր «թիկունքին» է, ու իր ոտքի տակը ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ով 2019 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի գումարի վատնման համար, որդիները՝ փողերի լվացման, եղբորորդին՝ վատնման համար և այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Խաչատրյանների նկատմամբ ներկայացված մեղդրանքները, արձանագրեց, որ այս տարի՝ 2026 թվականին դեռևս որևէ դատական նիստ չի կայացել: Բանն այն է, որ դատարանը թուլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով, սակայն ՀՀ քննչական կոմիտեն նրան թույլ չի տալիս լքել երկիրը:
«Հրապարակ» թերթը գրում է ․ Գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։
Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի` նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։
ՀԷՑ-ը, Սամվել Կարապետյանից խլելուց հետո, դարձել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Բազինյանը նաեւ 2022 թվականից Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը՝ Իջեւան) նախագահն է։
Տավուշի մարզի մյուս՝ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը Նոյեմբերյան քաղաքում է։ Այդ հանձնաժողովի նախագահն էլ ոստիկանության նախկին սպա Արկադի Հարությունյանն է: Նա էլ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելուց հետո էլցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի Նոյեմբերյանի էլցանցի ղեկավար է նշանակվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է:
Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:
Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է:
Եվ երրորդ․ մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել․ գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։
Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։
Հանձնարարել է նաեւ ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որեւէ ռեպլիկ, որեւէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետեւելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպես տեսանք, շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին՝ փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են, իրենց կռիվը ոչ թե Եկեղեցու, հոգեւոր արժեքների դեմ է, այլ՝ առանձին հոգեւորականների։
Մեր աղբյուրներն ասում են՝ եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։ Այդ օրը նաեւ միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց․ «Ամոթ, տիրադավ»։
Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը` ընդդեմ կաթողիկոսի։