Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:51 01-04-2026

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն օդում կախված է մնացել

«Ուկրաինան ծանր վիճակում կհայտնվի, երբ այլևս ԱՄՆ-ը չտրամադրի ոչ մի զինատեսակ»,- ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավոր քայլերի հետևանքների մասին։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, թե Վաշինգտոնը կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, քանի որ այն չպետք է լինի միակողմանի փողոց։ Նա հանդիմանել էր ԵՄ երկրներին, որոնք մերժում են Վաշինգտոնին ռազմաբազաների օգտագործման հարցում Իրանի դեմ պատերազմի ընթացքում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախ պարզաբանեց, թե ինչ նպատակով է ստեղծվել Հյուսիսատլանտյան դաշինքը և ինչպես է այն փոխվել։

«ՆԱՏՕ-ն ստեղծվել է Սառը պատերազմի սկզբում՝ որպես ռազմական բլոկ Սովետական Միության դեմ»,- նշեց նա, ապա հավելեց, որ այսօր դաշինքն այլևս չունի նախկին գործառույթները. «Երբ Սովետական Միությունը փլուզվեց, հարց առաջացավ՝ ո՞րն է ՆԱՏՕ-ի նպատակը։ Այդ հարցի պատասխանը չգտան, որովհետև եթե Սովետական Միությունը չկա՝ որպես հակակշիռ բևեռ, ապա ՆԱՏՕ-ի իմաստը օդում կախված է մնացել»։

Դանիելյանն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի ծախսերի հիմնական մասը միշտ իր վրա է վերցրել Միացյալ Նահանգները՝ անընդհատ պահանջելով եվրոպական երկրներից բարձրացնել իրենց ռազմական բյուջեները։

Այն հարցին՝ եթե դաշինքը չի կարող գոյություն ունենալ առանց ԱՄն-ի, ապա ինչու՞ են եվրոպական դաշնակիցները հրաժարվում աջակցել Վաշինգտոնին Իրանի հետ կապված հարցերում, Դանիելյանը պատասխանեց.

«Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Իտալիան, հրաժարվում են ներգրավվել Իրանի դեմ պատերազմում, քանի որ համարում են, որ դա բխում է բացառապես Իսրայելի շահերից, հակասում է իրենց էներգետիկ հետաքրքրություններին, և բացի այդ՝ իրենց հետ նախապես չեն խորհրդակցել պատերազմը սկսելուց առաջ։ Այսինքն՝ եթե դուք [ԵՄ երկրները] նույնիսկ ձեր ռազմական օդանավակայանները թույլ չեք տալիս, որ մենք օգտագործենք Իրանի դեմ պատերազմում, ապա ինչի՞ն է մեզ [ԱՄՆ-ին] պետք ՆԱՏՕ-ն»։

Անդրադառնալով Ուկրաինայի հարցին՝ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ Վաշինգտոնն այն դիտարկում է որպես փոխանակման առարկա կամ լծակ և իրավիճակը բացատրեց, որ ԵՄ-ին հետաքրքրում է Ուկրաինան, որը ԱՄՆ-ի հետ ընդհանրապես կապ չունի, այն Եվրոպայի կենտրոնում է։ Իսկ առանց՝ ԱՄՆ-ի դժվար կլինի հասնել Ուկրաինայի հաղթանակին։

Նշենք նաև, որ այսօր՝ ապրիլի 1-ին նախագահ Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ կվերանայի ԱՄՆ անդամակցությունը դաշինքին Իրանի դեմ պատերազմից հետո։

«Օ՜, այո, ես կասեի, որ դա վերանայման փուլից էլ դուրս է։ Ինձ երբեք ՆԱՏՕ-ն չի տպավորել։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, և ի դեպ, Պուտինը նույնպես դա գիտի», ասել է Թրամփը։

Ամենից շատ դիտված