copy image url
Ավելին Միտք 2 ամիս առաջ - 21:45 16-03-2026

Ինչպես հայ կինոմաֆիան (նորից) վիժեցրեց 2026-ի Օսկարը

ԻՆՉՊԵՍ ՀԱՅ ԿԻՆՈՄԱՖԻԱՆ (ՆՈՐԻՑ) ՎԻԺԵՑՐԵՑ 2026֊Ի ՕՍԿԱՐԸ

Այս օրերին մրցանակաբաշությունների սիրահար հայ հասարակության անդորրը խաթարել են կրքերը "Խազեր" երաժշտական մրցանակաբաշխության շուրջ` "Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի" (այո, նման բան գոյություն ունի) մի նախաձեռնության, որը ղեկավարում են Ջաղինյան & Co.-ն... (սա կարևոր դետալ է)։
Բայց կոնկրետ այսօր (16.3.2026) հայկական մոտալուտ "Խազերից" ուշադրությունը շեղվել է "Օսկար"֊ի վրա. Լոսում հանձնվեցին Ամերիկյան կինոակադեմիայի "Օսկար" մրցանակի արձանիկները, ու հայերն այս ժամերին զբաղված են այնտեղ հայկական անուններ որոնելով ու գտնելով անգամ այնտեղ, որտեղ դրանք իրականում չկան։

Միևնույն ժամանակ հենց կինեմատոգրաֆիական իմաստով հայկական կինոյի համար ճակատագիրը "Օսկարում" այս տարի կրկնվել է, գրեթե ճիշտ այնպես ինչպես 2025֊ին։
Բայց այ սրա մասին ոչ մի տեղ չեն խոսում։
Եվ ահա թե ինչու...

Ուրեմն այս տարի դեռ օգոստոսին հայտնի էր դարձել, որ Հայկական ազգային կինոակադեմիան (որը ևս գլխավորում է Ռուբեն Ջաղինյանը) 3 ֆիլմ է դիտարկում Հայաստանից "Օսկարի" ուղարկելու։
Այդ ֆիլմերն էին`
֊ "Երազելուց հետո" (ռեժ.` Քրիստինե Հարությունյան),
֊ "Լինում է չի լինում" (ռեժ.` Էմիլի Մկրտչյան),
֊ "Իմ հայկական ուրվականները" (ռեժ.` Թամարա Ստեփանյան)
... հիմնականում պատերազմական֊հետպատերազմական թեմաներով աշխատանքներ։

Մկրտչյանի ֆիլմը օրինակ արցախցի 4 կնոջ պատմությունն է` մի պատերազմից մյուսի արանքում (2020, 2023)։
Իսկ Հարությունյանի ֆիլմը ուղղակի նորույթ է վիզուալի առումով. մեր պատերազմական ֆիլմերի անվերջանալի քրոնիկոնում ամենատարբերվող աշխատանքը` համապատասխան էլ շատ մեծ պոտենցիալով։
Անկախ իրենց թեմատիկայից, բոլոր 3 աշխատանքներն էլ 2025֊ին բավականին հաջող ներկայացվել էին հատկապես արտասահմանյան կինոփառատոներում։ Ընդ որում` Թամարա Ստեփանյանի ֆիլմը ընդգծված հատուկ առաջ էր մղվում։
Այն ժամանակ, սակայն, օգտատիրական հանրույթին հատկապես ուրախացրել էր, որ կին ռեժիսորների աշխատանքներ են ընտրվել "Օսկարի" համար։

Շատ արագ հայտնի դարձավ, որ այդ երեք ուրախալիորեն կանանց աշխատանքներից ավելի "կանացի"` ձեռնտու էր, Թամարա Ստեփանյանի աշխատանքը։

Սա մի անհասկանալի, աջաբսանդալ ու ակնհայտորեն անհաջող աշխատանք է (առանձին կանդրադառնանք), բայց հենց այս աշխատանքն ու ռեժիսորն էին շատ ընդգծված առաջ մղվում հայկական կինոշրջանակներում անցած ամբողջ տարին։

Շատ հակիրճ` սա ռեժիսորի անձնական ապրումների, հոր (լուսահոգի դերասան Վիգեն Ստեփանյանի) մասին հուշերի "միքս" է` ինչպես ինքնուրույն կինո/տեսա նյութով, այնպես էլ, տարակուսելիորեն, հայկական տարբեր, շատ հայտնի կինոաշխատանքներից վերցրած կադրերով և անգամ ամբողջ դրվագներով...

Բա'։
Հետաքրքիր է, որ Ստեփանյանի "... Ուրվականներ"֊ի պաշտոնական սինոփսիսի մեջ նշված է հետևյալը. "... ֆիլմն անմահացնում է խորհրդային հայկական կինոն"։
Սա հետաքրքիր է, հետաքրքիրից բացի առավել տարակուսելի ու նաև միայն Հայկական կինոակադեմիկոսներին է հայտնի, թե ինչու են ընտրել հենց այս ֆիլմը։
Չնայած ում պետք է` լավ էլ հայտնի է։

Այս իրավիճակը միմիայն de javu-ի զգացողություն է առաջացնում անցած տարի Օսկարին ուղարկելու համար հայ կինոակադեմիկոսների ընտրած աշխատանքի առումով։

Հիշեցնեմ, որ անցած տարի էլ մենք ունեինք պատերազմական թեմայով շատ լուրջ կինոաշխատանք` @Shoghakat Vardanyan-ի "1489"֊ի տեսքով։
Դա մինչ այժմ ամբողջ աշխարհում ամենամեծ հաջողություն գրանցած, ամենաշատ փառատոների մասնակցած ու ամենահեղինակավոր մրցանակների արժանացած աշխատանքն է` ամբողջ անկախ հայկական կինոյի կտրվածքով։

Բայց մեր կինոակադեմիկոսները որոշել էին, որ Օսկարի են ուղարկելու Էդգար Բաղդասարյանի` խորհրդային նոստալգիայի նամշահոտով "Բրեժնևը և Յաշան" ֆիլմը։

Անցած տարի, երբ ահազանգեցի սրա մասին, շատ մեծ սկանդալ ծագեց, լրագրողական լուրջ հետաքննություններ անցկացվեցին, ոլորտի գործիչներ գոնե ինչ֊որ չափով պատասխանատվության կանչվեցին...

Արդյունքը` շատ ջրեր հոսեցիբ և ի վերջո պարզ դարձավ, որ հայ կինոգործիչներին հրահանգել են ոչ մի դեպքում "Օսկարի" չուղարկել Շողակաթ Վարդանյանի ֆիլմը, որում ակնհայտ քննադատվում են իշխանությունները, իսկ Նիկոլին "անասուն" է ասում զոհվածի մայրը...

Հանուն արդարության, պետք է ասել, որ հայ կինոգործիչների շարքում եղել էին արաժանապատիվ մարդիկ, ովքեր հենց Շողակաթ Վարդանյանի օգտին էին քվեարակել, իսկ ավելի խելացիներն էլ հայտարարել էին, որ առհասարակ չեն մասնակցում ֆարս դարձած այդ "ընտրությանը"...

Եվ այս տարվա` 2026֊ի, այս նույն օրինաչափությունը (ցանկացած ֆիլմ, թեկուզ` սովետական, ակտուալ հետ/պատերազմական թեմայովից բացի) գալիս է հաստատելու (անցած տարվա մեծ սկանդալի հետ) որ պատերազմական թեմատիկայով Հայաստանից ֆիլմ չուղարկելը քաղաքական որոշում է։

Եվ լրիվ այն նույն տրամաբանության մեջ, ինչ Էդիտա Գզոյանի ազատումը...
Պարզ ասած` Օսկար քեռուն չի կարելի Արցախի թեմայով ֆիլմ ուղարկել ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ չի կարելի Վենսին Արցախի մասին գիրք տալ։

Մի խոսքով, էլի հայկական կինոմաֆիան հաղթել է կինոյի լեզվով ասելիքին, որ կարող էր ունենալ Հայաստանը այս տարի իր համար ամենաակտուալ` պատերազմական֊հետպատերազմական կորուստների ու տրավմաների թեմայով։
Ի դեպ, 2026֊ի Օսկարին արտասամանյան հայտերի մեծ մասը հենց պատերազմների, հակամարտության, "անհարմար" թեմաներով էր.... և դրանցից հաղթեց էլ "Պարոն Ոչինչը ընդդեմ Պուտինի" աշխատանքը Ռուսաստանից, որը ցույց է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին հասարակ ուսուցչի արձանագրումները իր շրջապատում։

Մեր դեպքում էլ` հայկական կինոմաֆիան է ընդդեմ, ուղղակի` հենց մեր ասելիքի, մեր կինոյի...
Այնինչ, այս տարի մենք էլ կարող էինք ունենալ մեր "Free Palestine" պահը` ոչ թե պայմանական Խավիեր Բարդեմի ու Պրիյանկա Չոպրայի շուրթերից, այլ հենց ինքներս մեր։

Բայց հայկական կինոմաֆիան այլ ծրագրեր ունի։
Իսկ այդ ծրագրերը և արված քայլերը մի տողով կարելի է ձևակերպել այսպես.
"And the Oscar goes... NOT to Artsakh" (խորհրդանշական առումով, իհարկե)։

Իսկ սա ոչ միայն ցավալի իրողություններ է բացահայտում, այլև ցույց է տալիս, որ Հայկական կինոակադեմիայում անգամ տարրական հոտառություն չունեն (ընտրել պոտենցիալով այնպիսի ֆիլմեր, որոնք մեզ առավելագույն շահեկան կլինեն, իսկ այս պարագայում դրանք պատերազմական թեմայով ֆիլմերն են, իսկ մենք համ պատերազմներ ունենք, համ ասելիք համ էլ համապատասխան ֆիլմեր)։

Եվ, իհարկե, ամենացավալին, որ հայ կինոգործիչները ենթակա են ճնշման և գործում են ըստ այդմ։
Կարծում եմ` եթե Հետք/ Hetq ֊ը այս տարի էլ գնա Հայաստանի օսկարյան ընտրության հետքով, ապա ոչ պակաս հետաքրքիր բացահայտումներ կանի, ինչպես անցած տարի երբ գնացին մեր ահազանգի` հայկական նոր կինոյի ամենամեծ սկանդալի, ու խայտառակության, հետքով։

Իսկ առայժմ հայկական տիրույթի օսկարյան կրքերում զուտ հետևյալ էժանագին էյֆորիան է` "Հայկական ազգանուն Օսկար 2026"֊ին տիպի վերնագրերով նյութերով (թե ում շորն է հայ դիզայներ արել, մրցանակակիրներից ով է կիսահայ և այլն)։

Այն դեպքում, երբ, առանց չափազանցության, լրիվ այլ պատկեր կարող էր լիներ, լրիվ այլ բաներ կարող էինք փնտրել և այն էլ` առանց ամոթի։

Իսկ փաստը մնում է այն, որ Հայաստանը հերթական անգամ անհաջող էր հանդես եկել ամենահեղինակավոր կինոստուգատեսին (արդյունքները հայտարարվել էին դեռ հունվարին)։ Ընդ որում` Հայաստանը անհաջող էր հանդես եկել` ունենալով բավական հաջող թեկնածուներ, որոնց որոշել են չուղարկել։

Եվ մեր "օսկարյան վիճակագրությունն" էլ համապատասխանաբար ունի հետևյալ պատկերը. մինչ այժմ 35 տարվա կտրվածքով Հայաստանից ներկայացված 15 ֆիլմից հաջող է հանդես եկել միայն մեկը` Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին"` զուտ հայտնվելով shortlist-ում 2023֊ին։

Իսկ խայտառակ տապալումների շարքից են Վիգեն Չալդրանյանի "Ձայն բարբառոյ"֊ն (1991) և Սարիկ Անդրեասյանի "Երկրաշարժը" (2016), որոնք որակազրկվել էին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից։
Թերևս` որպեսզի այդքանից հետո հայկական կինոյի օսկարյան ճակատագիրը որոշի, օրկնակ, այդ մրցանակաբաշխությունը տապալված (այն էլ 2 անգամ) այնպիսի ռեժիսոր, ինչպիսին է Էդգար Բաղդասարյանը. սույն կինոակադեմիկոս ռեժիսորի ֆիլմերը Հայաստանից Օսկարի են ուղարկվել 2020֊ին և 2025֊ին, երկու անգամ էլ` անհաջող` անգամ չեն անցել։

Ի դեպ, Հայկական կինոակադեմիայի անդամ է նաև Թամարա Ստեփանյանը, որի աշխատանքը այս տարի ուղարկվեց "Օսկարի". սա իր հերթին մեկ այլ տխուր օրինաչափություն է բացահայտում` Հայկական կինոակադեմիան "Օսկարի" է ուղարկում գրեթե բացառապես իր անդամների աշխատանքները։
Այս դեպքում, մեր (կամ չգիտեմ արդեն ում) Կինոակադեմիան պետք է վերանվանվի, օրինակ` "հայկական կինոմաֆիայի"...

Ի դեպ անցած տարի պայթած սկանդալի ֆոնին լրջորեն քննարկվում էր նաև Հայկական կինոակադեմիայի վերափոխման անհրաժեշտությունը։

Անցած տարի էր նաև, որ նույն սկանդալի ֆոնին նույն Հայկական կինոակադեմիայի / կինոմաֆիայի առեղծվածային անդամները զառանցանքներ էին տարածում, թե հայ կինոն թուրքական կինոյի չափ չկա...
Իսկ տվյալ դեպքում տեսնում ենք, որ արդեն կին կինոգործիչն է դեմ գործում հայ կին կինոռեժիսորներին, ինչը երիցս ավելի տխուր ու կոտրող է։

Այս ամենը` արդեն ավելի մեծ համապատկերում հանձնում է, տոտալ հանձնման հերթական դրսևորումներից։
Այս դեպքում հանձնվում է լավ, ակտուալ կինո ներկայացնելու իրավունքը (Օսկար ստանալու պատրանքները թողնենք մի կողմ), մեր ամենաակտուալ ցավերը բարձրաձայնելու իրավունքը...

Դե, հայ կինոակադեմիկոսներն էլ կան ու կան, որ կարան համապատասխան ընտրություն անել` թշնամու քիմքին համապատասխան, իսկ մյուսներն էլ ասեն, որ մենք Թուրքիայից հետ ենք։

Սա արդեն կոնկրետ անվանում ունի` "կոլաբորացիոնզիմ"` կոլաբորացիոնիզմ ընդդդմ Օսկարի, մեր կինոյի և ինքներս մեզ։

Արդյունքը` միայն օսկարյան տապալումներ գրանցած գործիչների կողմից ևս մեկ փոշիացված հնարավորություն` մեր կինոն ու մեր կինոասելիքը Ամերիկյան կինոակադեմիայի (ասել է թե համաշխարհային կինոյի) էջերում գրելու, մեր պատմության այս շրջանի ամենաակտուալ բաներն աշխարհի հետ կիսելու և մեր կինոքաղաքականությունը ձևավորելու համար (ինչի մասին ասում են թե այդքան երազում են մեր կինոակադեմիկոսները)։

Ինչ է թե հայկական կինոմաֆիան այլ առաջնահերթություններ ունի։
Դե, ինչ շնորհակալություն հայկական կինոմաֆիային, որ հերթական անգամ չ/անցավ "Օսկարի" մոտով։ Իսկ մենք թերևս կարող ենք շարունակել աչք փակել, լայն փակել մեր աչքերը։
Եվ սպասել հրաշքի։

Դավիթ Պ. Վարդազարյան
Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ