Պամֆլետ 4 ամիս առաջ - 21:00 15-03-2026

Պամֆլետ. Ինչ նվիրել, որ Նիկոլը չջղայնանա

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացվել է աշխատանքից, քանի որ Ամերիկայի փոխնախագահ Վենսին սխալ գիրք է նվիրել։ Իհարկե, թղթերով ձևակերպվել է, որ Էդիտան ինքն է դիմում գրել ու դուրս եկել՝ երևի դիմումում նշելով, որ առողջական վիճակը չի ներում տնօրենի պաշտոնում մնալ, բայց հանգիստ կարող է փոխտնօրեն աշխատել։ Ինչպես երևի ասում են ՔՊ–ականները, անիմանալի են հեղափոխական վարչապետի ուղիները։ Համենայն դեպս, պարզ է, որ նվեր տալը կարող է դառնալ լուրջ խնդիր ինքն իր դեմ Երրորդ հեղափոխությանը պատրաստվող Փաշինյանի ղեկավարած երկրում։

Որպեսզի մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, զանազան Գզոյանները ընկճախտի մեջ չընկնեն, հարկավոր է նրանց տալ ուղեցույց, թե ինչ կարելի է նվիրել և միմյանց, և մանավանդ օտարերկրյա ղեկավարներին։ Նախ՝ եթե գիրք եք նվիրում, հիշեք, որ վարչապետը ևս գիրք ունի, կոչվում է՝ «Երկրի հակառակ կողմը», ճիշտ է, նրանում կան որոշ ոչ պարկեշտ տեսարաններ, բայց գիրքը պետության հաշվին լույս է տեսել տարբեր լեզուներով, օրինակ՝ ինչքան գեղեցիկ ու խորհրդանշական կլիներ, եթե տիկին Գզոյանը Վենսին նվիրեր ալբաներեն թարգմանված այդ վեպը․ նախ՝ Ամերիկայի փոխնախագահը կիմանար, որ մեր վարչապետը վեպեր է գրում, երկրորդ՝ ոչինչ չէր հասկանա ու ոչ մենք խայտառակ կլինեինք, ոչ էլ Ալիևը կնյարդայնանար։

Բայց հյուրերին գրքից բացի՝ այլ նվերներ էլ կարելի է տալ։ Օրինակ՝ պերաշկի կամ գրական հայերեն ասած կարկանդակ։ Դա շատ սիմվոլիկ նվեր կլինի, ու ցույց կտա, թե մենք, որ անշեղորեն գնում ենք դեպի արևմուտք, չենք արհամարհում ռուսական մշակույթը, ավելին՝ այդ կարկանդակների վրա կարելի է գրել 102 թիվը՝ որպես հիշեցում նրա, որ Հայաստանը երբեք չի էլ քննարկի ռազմաբազան հանելու գաղափարը։ Որովհետև ինչպես պերաշկին, ռազմաբազան ևս ռուսական մշակույթի կարևոր շերտ է։

Շատ կարևոր մեսիջ կարող է լինել եփած եգիպտացորեն նվիրելը։ Նախ՝ եգիպտացորենը խորհրդանշում է դեպի Դիլիջան ու Իջևան ճանապարհը, իսկ Իջևանը, ինչպես գիտեք, Հայաստանին երկու փրկիչ է նվիրել՝ Սարգիս Կասյանին, որ Իջևանից հեռագրել է Լենինին Հայաստանի խորհրդայնացման մասին, և Նիկոլ Փաշինյանին, որ երկարատև պայքարից հետո կարողացավ նոյեմբերի 9–ին հռչակել Հայաստանի անկախությունը։

Հետաքրքիր նվեր կարող է լինել նաև Հրայր Թովմասյանի գրիչը կամ նրա կրկնօրինակը՝ որպես պետական մուտիտի, ազգային կրուտիտի և հեզաճկուն դիվանագիտության խորհրդանիշ։ Ամեն դեպքում, սիրելի պաշտոնյա Գզոյաններ, աշխատեք շատ աչքի չընկնել։

Գևորգ Էմին–Տերյան
Օրագիր.News

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան