copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:13 13-03-2026

Էդիտա Գզոյանը չպետք է դիմում գրեր․ Փաշինյանի հարկադրանքն իրավաչափ չէ

Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին՝ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, հաստատել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով։ Պատճառը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք նվիրելն է։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյոք իրավաչա՞փ է աշխատակցին ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։

«Իմ տեղեկություններով՝ այդ մարդուն չեն ազատել աշխատանքից, այլ ասել են՝ դիմում գրի, և նա դիմում է գրել։ Իրավաչա՞փ է արդյոք անձին հարկադրել, որ դիմում գրի. միանշանակ՝ ոչ։ Բայց այդ անձն իր իրավունքների պաշտպանության համատեքստում ինքը պետք է ձեռնամուխ լինի գործընթացին՝ դիմելով դատարան և նշելով, որ իրեն հարկադրել են նման քայլի»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Գզոյանը հրաժարվեր դիմում գրել, ապա նրան աշխատանքից ազատելու համար պետք է ներկայացնեին իրավական հիմնավորում և պահպանեին համապատասխան ընթացակարգերը։

«Եթե նա չհամաձայնվեր դուրս գալ պաշտոնից, ապա պետք է աշխատանքից ազատման կոնկրետ հիմք վկայակոչեին և պահպանեին այդ ընթացակարգերը։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունների շրջանակներում դժվար է ասել, թե կոնկրետ ո՞ր պարտականության չկատարումն էին կապելու այն հանգամանքի հետ, որ նա Վենսին ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը։ Հնարավոր է՝ ինչ-որ բան կմոգոնեին, բայց դա, բնականաբար, դատարանում վիճարկելի կլիներ»,- նշեց Հարությունյանը։

Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլիներ, եթե տնօրենը հրաժարվեր դիմում գրելուց և սպասեր պաշտոնական ազատման որոշմանը։

«Ես իմ դիրքորոշումն ունեմ. նա չպետք է դիմում գրեր ազատման մասին։ Եթե ազատում էին, թող ազատեին համապատասխան որոշմամբ։ Բայց սա տվյալ անձի և նրա գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների հարց է»,- ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ներկայիս իրավիճակում «Արցախ» տերմինի օգտագործումը իշխանությունների կողմից կարող է ընկալվել որպես խնդրահարույց քայլ։

«Տպավորություն է ստեղծվում, որ «Արցախ» տերմինի օգտագործումն այսօր դիտարկվում է որպես անցանկալի քայլ։ Միևնույն ժամանակ քրեական գործերի շրջանակում, որոնք քննվում են 44-օրյա պատերազմի մասնակից գեներալների նկատմամբ, «Արցախ» տերմինը հանգիստ օգտագործվում է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին