Ուղիղ եթեր
copy image url
Միտք 3 ամիս առաջ - 13:00 06-03-2026

Հայաստանը 1991-ից Արևմուտքում է, Փաշինյանը մերժում է իրականությունը

Ովքեր կարծում էին, թե ՀՀ-ն ՔՊ-ի շնորհիվ անկախության ու ժողովրդավարության առումով առաջընթաց է ունենալու՝ հիասթափության մեջ են։

«Չեմ հիշում՝ երբևէ ասած լինեմ, որ մենք գնում ենք Արևմուտք, սովորաբար ասում եմ՝ գնում ենք ոչ մի տեղ»։ Այս մասին մարտի 5-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ է Արևմուտքը, ուր, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք չենք գնում։

Արևմուտքը աշխարհաքաղաքական առումով ժողովրդավարական, շուկայական տնտեսություն ունեցող և հիմնականում ԱՄՆ-ի ու Եվրամիության ու նրանց շուրջ համախմբված երկրների հավաքական անվանումն է։ Արևմուտքը ձևավորվել է արևմտյան արժեքների հիման վրա։ Արևմուտքի անվտանգային գոտին ՆԱՏՕ-ն է։ Արևմուտքի դեմ հանդես են գալիս Մոսկվան, Իրանը, Չինաստանը և նրանց ազդեցության տակ ծվարած հակաքաղաքակրթական միավորները։

Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմը փաստացի ավարտվել է 1989-ին Արևմուտքի հաղթանակով։ Արևմուտքի նպատակներից մեկն այն էր, որ խորհրդային բռնազավթումից ազատագրվեն Արևելյան Եվրոպայի երկրները, խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը։ Այսպիսով՝ Հայաստանն անկախացել է ոչ միայն հայ ժողովրդի ազատագրական պայքարի, այլև Արևմուտքի հաղթանակի արդյունքում։ Սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ժողովուրդն 99,51 տոկոսով «Այո» է ասել, որ Հայաստանը դառնա անկախ, ժողովրդավարական պետություն։ Ժողովրդավարությունը, որն Արևմուտքի քաղաքական հավատամքն է, մենք ընդունել ենք մեր ծնված օրից։ ՀՀ սահմանադրության առաջին հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։

Այսպիսով՝ աներկբա է, որ Հայաստանը 1991-ից Արևմուտքում է արժեբանական առումով։ Փաշինյանը մերժո՞ւմ է արևմտյան արժեքները, ՀՀ-ից դո՞ւրս է ապրում։

ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են 1992-ին, երբ ՀՀ-ն միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին։ ՀՀ-ն 1994-ին միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրին: ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և պաշտպանական բարեփոխումների բնագավառում, ներառյալ խաղաղապահ գործողությունները: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի առումով ևս՝ ՀՀ-ն Արևմուտքում է շատ վաղուց։

Հայաստանը 2001 թվականից Եվրոպայի խորհրդի անդամ է։ 2017-ի նոյեմբերի 24-ի ՀՀ-ԵՄ հաստափոր համաձայնագիրն է ստորագրվել։ Ի վերջո՝ 2025-ի մարտի 26-ին ընդունվել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Եթե ԵՄ-ն հավաքական Արևմուտքի մաս է, ապա ՀՀ-ն ո՞ւր է գնում, որ Արևմուտք չի գնում։

Եթե ՀՀ-ն Արևմուտք չի գնում, ապա այս ամենը՝ կեղծի՞ք է, բլե՞ֆ, աչքակապությո՞ւն։ 1991-ի Սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից սկսած, 2025-ի մարտի 26-ի օենքով վերջացրած՝ ամեն ինչը սո՞ւտ է, մեզ խաբե՞լ են։ Գուցե Փաշինյանը վարակվե՞լ է Ժխտման հիվանդությամբ ու մերժում է իրականությունը։

Այո, 1995-ի մարտի 16-ի ապօրինի պայմանագրով ՀՀ-ն սկսել է շեղվել Սեպտեմբերի 21-ից։ Նախկին ռուսական գործակալները, հետո ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանք են գործադրել, որ աշխարհում տպավորություն ստեղծեն, թե ՀՀ-ն անկախ չէ, ոչ մի Արևմուտք էլ չէ, ռուսական ազդեցության փտած գոտի է, ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն չէ, այլ սոսկ կառավարման ձև է։ Այս հետընթացն աղետալի հետևանք է ունեցել՝ ՀՀ-ն պարտվել է 44-օրյա պատերազմում, Արցախն օկուպացվել, հայերը բռնի տեղահանվել են։ Բայց 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո տպավորություն էր, թե ՔՊ-ն գիտակցել է աղետի պատճառը։ Բայց պարզվում է՝ խորապես չի գիտակցել կամ ձևացնում է, թե հասկացել է։

Մի խոսքով՝ մարտի 5-ին ևս մեկ անգամ ի լուր աշխարհի պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն Արևմուտք չի գնում։ Եթե քաղաքական համայնքը համարժեք արձագանքի սրան, ապա անկախական, ժողովրդավար ուժերը կարող են միասնական ջանքով զրկել Փաշինյանին էլեկտորատի մեծ մասից, քննադատելով նրան, որ նա Արևմուտք չի գնում, մեր ընտրած ուղուն դեմ է, օրենքին դեմ է, սահմանադրությանը դեմ է, Սեպտեմբերի 21-ին դեմ է, անկախությանն ու ժողովրդավարությանը դեմ է, ձգտում է ՀՀ-ն հետ վերադարձնել ռուսական ազդեցության ճահիճ և նոր աղետ պատճառել ժողովրդին։ Այս միասնական ջատագովության արդյունքում հունիսի 7-ին ՔՊ-ն, հավանաբար, ընդդիմություն կդառնա ու գուցե այդ ժամանակ կհասկանա, որ ՀՀ-ն 1991-ից Արևմուտքում է եղել ու կա։ Եվ այդ ռուսական դրածոներն են պատրանք ստեղծել, թե մենք ոչ մի տեղում ենք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին