Մտահոգիչ գնահատականներ են հնչեցնում ՔՊ-ական ղեկավար գործիչները հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ։
Օրեր առաջ ՔՊ վարչության անդամ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարցազրույցում ասել էր, թե եթե ՔՊ-ն չընտրվի հունիսի 7-ին, ապա խաղաղություն չի լինի, ԹՐԻՓՓ չի լինի, ամեն ինչ հետ կշրջվի։ Իսկ փետրվարի 24-ին Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասել։
«Հիմա թույլ տվեք համոզմունքով պնդել, որ 2020-25-ին մենք այդ խնդիրը լուծեցինք, ոչ միայն հաղթահարեցինք պատմական այդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական շրջափուլ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից։
Եվ սա ձեռքբերում է, որը պատմական է»,- ասել է վարչապետը հրապարակած տեսանյութում։
Այս երկու գնահատականներում էլ կա քողարկված վախ, որ ՔՊ-ն կարող է պարտվել հունիսի 7-ի ընտրություններում։
Հնարավո՞ր է՝ ՔՊ-ն պարտվի ընտրություններում։ Ինչո՞ւ են վախ տարածում ՔՊ-ի հնարավոր պարտության հետևանքների վերաբերյալ։
Վաղուց հայտնի է, որ վախը մարդկային արարքների ամենամեծ խթանն է։ Շաերն են հիշում, որ Կիրանցի սահմանազատումից առաջ Փաշինյանը ժողովրդին վախեցնում էր, որ եթե հողերը չտան, ապա պատերազմ կլինի։ Նույնկերպ հիմա են վախեցնում ժողովրդին, որ եթե ՔՊ-ին չընտրեն հունիսի 7-ին, ապա վատ բաներ կլինեն։
Վախը վարակիչ հիվանդություն է։ Այն տարածվում է ավելի արագ, քան գաղափարը։ Գաղափարի տարածման անհրաժեշտ պայմաններից են ժողովրդի որոշակի կրթվածությունն ու արժեքահեն դաստիարակությունը։ Վախի համար երևակայությունն էլ բավարար է։ ՔՊ-ն ու Փաշինյանն ընտրել են վախը։ Նրանք հավանաբար կարծում են, թե հանրության մեծ մասն անկիրթ է, անդաստիարակ, գաղափարը կամ ծրագիրը հասկանալու, մարսելու ունակ չէ։ Իսկ վախը որպես մանիպուլյացիոն գործիք ավելի լայն ընդգրկում կարող է ունենալ, քան գաղափարը։
Սա օբյեկտիվ առաջին պատճառն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն վախ են տարածում։
Կա նաև պատմական օրինաչափություն։ Պատմությունը վկայում է, որ ՀՀ-ում իշխանության կուսակցությունը իշխանությունից զրկվելուց հետո ոչնչանում է, կորցնում անդամների ու համակիրների 95 տոկոսին։ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն համատասխանաբար 1998-ի և 2018-ի իշխանափոխություններից հետո կորցրել են էլեկտորատը, երբեմնի ՀՀՇ-ականները դարձել են հանրապետական, հանրապետականները՝ ՔՊ-ական։ Եթե հունիսի 7-ին ՔՊ-ն պարտվի, ապա ՔՊ-ականների մեծ մասը կանցնի հաղթողի կողմը։ Իսկ դրանից հետո ՔՊ-ն առավելագույնը կարող է մի քանի մանդատ ստանալ, մաս կազմելով ռուսամետ ընդդիմադիր դաշինքներին, ինչպես արել են ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն։
Հաջորդ պատճառը աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Փաշինյանը շարունակում է նույն, աղետալի ու ռիսկային ռուսամետ կուրսը։ Իսկ Արևմուտքը ՀՀ իշխանությունից ակնկալում է Հայաստանի անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր։ Փաշինյանն այս առումով՝ երկու քարի արանքում է, ինչպես իր նախորդները։ Եվ այս իրավիճակը նունպես վախերի ողջամիտ պատճառ է։
Բնականաբար, զուտ սուբյեկտիվ պատճառ էլ կա։ ՔՊ-ի օրոք ժողովուրդը շատ դառնություն է ճաշակել՝ պարտվել պատերազմներում, մարդկային անդառնալի կորուստներ ունեցել։ Այսինքն՝ հանրության մի ստվար հատված ՔՊ-ին մերժելու սուբյեկտիվ հիմքեր ունի։ ՔՊ-ականները ներկայում պաշտպանված են իրենց քաղաքական դիրքով ու պաշտոններով։ Իսկ երբ իշխանությունից զրկվեն, ապա չի բացառվում, որ հետապնդումների կենթարկվեն, ինչպես ներկայում հետանդվում են նախկինները, որոնք ժամանակին անպատժելի էին թվում։ Այս վախը ևս գումարվում է օբյեկտիվ վախերին ու դառնում ՔՊ-ի քարոզարշավի գլխավոր զենքը։
Կարճ ասած՝ առաջիկայում ակնատես ենք լինելու ՔՊ-ական վախերի նոր ու ծիծաղելի պոռթկումների։ ՔՊ-ականների դեմքը, նույնիսկ, վախից կարող է փոքր ինչ փոխվել։ Եվ եթե հանրության մեծ մասը կարողանա դիմակայել այս էժան մանիպուլյացիային ու չվարակվել ՔՊ-ական վախերով, ապա Փաշինյանը կպարտվի հունիսի 7-ի ընտրություններում ու կդառնա ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան