Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի հետագա զարգացման, շատ քաղաքական գործիչների պնդմամբ՝ գոյության տեսանկյունից։ Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանում առաջին անգամ անցկացվելու են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ։
Թեպետ ընտրություններին դեռևս ավելի քան երեքուկես ամիս ժամանակ կա, սակայն քաղաքական դաշտում ընթացող ակտիվ վերադասավորումներն արդեն իսկ նկատելի են։ Այս օրերին տարբեր հին ու նոր դեմքեր հայտարարում են կուսակցությունների կամ դաշինքների ձևավորման մասին՝ նպատակ ունենալով մասնակցել ընտրություններին և իշխանության գալ, իսկ անհնարինության դեպքում ներկայացված լինել հաջորդ գումարման խորհդրանում։
Հանրային կարծիքի ուսումնասիրությունները ընտրական գործընթացի անբաժան մասն են կազմում, և ժամանակ առ ժամանակ տարբեր ընկերություններ հրապարակում են իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքները՝ քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների վարկանիշների վերաբերյալ։ Շատ ուժեր այս հետազոտությունների արդյունքները դնում են իրենց գործունեության և նախընտրական քարոզարշավի հիմքում, որոշ ուժեր էլ չեն հավատում դրանց արժանահավատությանը՝ պնդելով, որ հարցման պատվիրատուները դրանցում սեփական շահերն են հետապնդում։
Oragir.News-ը ևս իր հարթակներում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացնում` հանրության շրջանում տիրող իրական տրամադրությունները հասկանալու համար․
Շաբաթվա սկզբին
YouTube-ի և
Telegram-ի մեր հարթակներում մեր բաժանորդներից հարցրել ենք՝ «
2026 թվականի հունիսի 8-ից հետո ո՞վ կլինի ՀՀ վարչապետը»։ Քանի որ YouTube-ում հնարավոր է պատասխանի 4 տարբերակ սահմանել, նշել ենք իշխանության ձգտող առանցքային 3 ուժերի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, ինչպես նաև «այլ թեկնածու՝ գրեք մեկնաբանություն» տարբերակը, որպեսզի հիշյալ 3 գործիչներին չհամակրող քաղաքացիներն իրենց կարծիքն արտհայտելու հնարավորություն ունենան։ Telegram-ում այս 3 գործիչներից բացի նշել ենք նաև Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Զուրաբյանի, Արման Թաթոյանի, Նինա Կարապետյանցի, Արամ Սարգսյանի, Հայկ Մարությանի և Վարդան Ղուկասյանի՝ Դոկի անունները, ինչպես նաև «այլ թեկնածու՝ գրեք մեկնաբանություն» տարբերակը։
5 օրվա ընթացքում
YouTube-ում մեր հարցմանը մասնակցել է 16 հազար քաղաքացի։ Հարցվածների 42%-ը՝ մոտ 6720 քաղաքացի, պատասխանել է, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Սամվել Կարապետյանին, 35%-ը՝ մոտ 5600 քաղաքացի՝ Նիկոլ Փաշինյանին, 6 %-ը՝ մոտ 960 քաղաքացի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Այլ թեկնածու՝ գրեք մեկնաբանություն» տարբերակը նշել է հարցվածների 17%-ը՝ մոտ 2720 քաղաքացի, և հարցման արդյունքները ամփոփելու դրությամբ առկա էր 580 մեկնաբանություն։ Այս մեկնաբանությունների շարքում գերակշռում էին ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի՝ Դոկի և Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի անունները։
Telegram-ում մեր հարցմանը մասնակցել է 182 քաղաքացի, որոնց ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Սամվել Կարապետյան` 39%,
Վարդան Ղուկասյան` 18%,
Նիկոլ Փաշինյան՝ 15%,
Ռոբերտ Քոչարյան՝ 10%,
Գագիկ Ծառուկյան՝ 9%,
Սերժ Սարգսյան, Նինա Կարապետյանց, Արման Թաթոյան՝ 2-ական %,
Լևոն Զուրաբյան, Հայկ Մարության՝ 1-ական %
Արամ Սարգսյան՝ 0%։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 5%-ը նշել է «այլ թեկնածու՝ գրեք մեկնաբանություն» տարբերակը, սակայն առկա էր միայն 1 մեկնաբանություն՝ Վարդան Ղուկասյանի՝ Դոկի անունով, ում անունը հարցման պատասխանների շարքում առկա էր։

Անցնող շաբաթ Oragir.News-ի բաժանորդների քաղաքական տրամադրություններն այս տեսքն ունեին։ Առաջիկա շաբաթներին և ամիսներին մենք կշարունակենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնել, որոնց արդյուքները պարբերաբար կամփոփենք և կներկայացնենք ձեր դատին՝ կից հրապարակելով նաև դրանց իսկությունը, իսկ հարցումներին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի՝ հետևելով մեր հարթակներին։