copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:55 20-02-2026

Ամենակարևորն այն է, որ որևէ մեկն օրենք չխախտի և հետևի կանոններին. Վահագն Խաչատուրյանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը թեմային անդրադարձել է Աթենքում լրագրողների հետ զրույցում։

«Ես շատ ակտիվ չեմ ներքաղաքական հարցերում՝ հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որը պետք է չեզոք դիրք ունենա։ Իմ հիմնական պարտականությունը Սահմանադրության հետևելն է, և այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում, բայց չեմ կարող իմ գնահատականները չտալ ընդհանրապես, որովհետև ի վերջո, խոսքը Սահմանադրության իրացման մասին է. ես նկատի ունեմ ընտրելու և ընտրվելու իրավունքի մասին։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում հենց այդ հանգամանքին։

Գիտեք, որ ես նշանակել եմ ընտրությունների օրը։ Մենք այդ գործընթացն ավելի շուտ արեցինք, քան կարող էինք։ Երբ ես խորհրդակցեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, նա առաջարկեց այս գործընթացն ավելի շուտ իրականացնել, որ լիարժեք պատրաստ լինենք ընտրական գործընթացներին, որպեսզի գործընթացի մասնակիցները չդժգոհեն։ Այդ գործընթացն արդեն սկսվել է, բոլորը պետք է տեղեկանան կանոններին, և կանոնները պետք է միանշանակ պահպանվեն բոլորի կողմից։ Բոլորը պետք է կարողանան ընդունել և ընկալել մի կարևոր սկզբունք, որը վերաբերում է բոլորիս մեր առօրյա կյանքում, բայց տվյալ դեպքում ընտրությունների ժամանակ օրենքը չխախտելու մասին է խոսքը։ Օրենքը խախտողը պատժվելու է։ Սա բոլորի համար սկզբունք պետք է լինի»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության առավելություններից մեկն այն է, որ ժողովրդավարական սկզբունքները որդեգրած երկրներում մարդիկ սովորել են օրենքներին հետևել, օրենքները պահպանել, նրանց համար օրենքը գերակա է։

«Հայաստանում կայանալիք ընտրություններին քանի ուժ մասնակցի, այնքան էլ կարծիքներ կլինեն, մենք էլ կծանոթանանք։ Խոսակցությունները, քննարկումները պետք է լինեն, բայց այդ քննարկումները պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ հասարակության նկատմամբ։

Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,- նշել է ՀՀ նախագահը։

Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն լինի, որպեսզի բանավեճերը, քննարկումներն անցնեն պատշաճ մթնոլորտում՝ առանց ոչ հարիր բառապաշար օգտագործելու, որպեսզի հնարավոր լինի միմյանց լսել, որպեսզի նաև ժողովուրդը կարողանա հետևել այդ քննարկումներին և բանավեճերին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել
17:23 Դատական նիստը չի կայացել, որովհետև ՔԿՀ-ից կալանավորին չեն ուղեկցել՝ ուղեկցողների պակասության պատճառով