Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 17:47 23-01-2026

Չգիտի՞, թե՞ մանիպուլացնում է․ Ալեն Սիմոնյանի ստերի հետքերով

Մի քանի օր առաջ լրագրողներից մեկն Ալեն Սիմոնյանին հարց էր ուղղել այն մասին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն դաշինքային տրամաբանությամբ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սիմոնյանն էլ պատասխանել էր, որ ՀՅԴ-ի խնդիրն է՝ թե ինչ ֆորմատով կմասնակցի ընտրություններին, սակայն նաև վստահեցրել էր, որ «Հայաստան» դաշինքը հաջորդ գումարման խորհրդարանում այս ներկայացվածությունը (ներկայումս համանուն խմբակցությունը բաղկացած է 28 պատգամավորից) չի ունենա։

Կանխատեսելով ընտրությունների արդյունքները՝ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ «Հայաստան» դաշինքը նվազագույն շեմը կհաղթահարի ու ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում՝ պնդելով սակայն, որ դա տեղի կունենա հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ «Դաշինքների և կուսակցությունների շեմը 1-ական տոկոսով իջեցրել ենք, որի շնորհիվ հիմա իրենք միգուցե հնարավորություն ունենան մինիմալով հաղթահարել շեմը, ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքն է անցել՝ ըստ մեր փոփոխության, որով պետք է խորհրդարանում 3 ուժ լիներ»,– պնդել է նա։

Ուշագրավն այն է, որ Սիմոնյանն այս ամենը ներկայացնում է որպես ՔՊ-ի կողմից իրականացված բարեփոխումներ, սակայն մի դեպքում նա պարզապես ստում է, իսկ մյուս դեպքում խեղաթյուրում իրականությունը։

Սկսենք ստից․ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ՔՊ-ն կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմը իջեցրել է 1%-ով։ Ընտրական օրենսգրքի նախորդ կարգավորումներով կուսակցությունների համար խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը 5% էր, դաշինքների համար՝ 7%։ 2021 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողովը հապճեպ կերպով ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով փոփոխվեց նաև անցողիկ շեմերը, որոնք կկիրառվեն արդեն 2026 թվականի ընտրությունների ժամանակ։

Փոփոխություններով կուսակցությունների համար անցողիկ շեմն իսկապես նվազեցվեց՝ նախկին 5%-ի փոխարեն դառնալով 4%, բայց դաշինքների դեպքում շեմը ոչ թե նվազեցվեց, այլ ընդհակառակը՝ բարձրացվեց։ Նախկին 7%-ի փոխարեն 2 կուսակցություններից կազմված դաշինքների համար սահմանվել է 8%, 3 կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 9%, 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10% անցողիկ շեմ։

Ուստի ստացվում է, որ եթե 2021-ին «Հայաստան» դաշինքն ԱԺ մուտք գործելու համար պետք է ստանար ձայների 7%-ը, ապա արդեն այս տարի՝ 8-10%` կախված նրանից, թե քանի կուսակցություն կներառվի նրա կազմում։

Ինչ վերաբերվում է Սիմոնյանի մյուս պնդմանը, թե «Պատիվ ունեմ»-ը 2021-ին ԱԺ է անցել ՔՊ-ի կողմից իրականացված փոփոխությունների արդյունքում, ըստ որի ԱԺ-ն պետք է բաղկացած լինի առնվազն 3 ուժից, ապա այն կարող ենք մանիպուլյացիա որակել։

Օրենքի պահանջը, ըստ որի խորհրդարանում առնվազն երեք քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի, ընդունվել է դեռևս 2016 թվականին՝ ՀՀԿ-ի կառավարման օրոք։ Այն ամրագրվել էր 2015-ի Սահմանադրական փոփոխություններից հետո ընդունված նոր Ընտրական օրենսգրքում, և խորհրդարանում բազմակարծություն ապահովելու նպատակ ուներ։

Այս դրույթի տրամաբանությունը հետևյալն է․ եթե ընտրությունների արդյունքում միայն 2 ուժ է հաղթահարում անցողիկ շեմը, ապա խորհրդարանում պարտադիր պետք է ներկայացված լինի նաև 3-րդ ուժը։ Այդ ուժը մանդատներ է ստանում ոչ թե շեմը հաղթահարելու, այլ ձայների հաջորդականության սկզբունքով՝ որպես հաջորդ առավելագույն աջակցություն ստացած քաղաքական ուժ։ Դրույթն առաջին անգամ կիրառվեց 2021 թվականի ընտրությունների ժամանակ, որոնցում անցողիկ շեմը հաղթահարել էին ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ» դաշինքը այն ժամանակ անցողիկ շեմը չէր հաղթահարել ու հենց այս դրույթի շնորհիվ մուտք գործեց ԱԺ։

Կարճ ասած՝ «Պատիվ ունեմ»-ը, որի կորիզը հենց ՀՀԿ-ն էր, 2021-ին ԱԺ է անցել ոչ թե ՔՊ-ի, այլ հենց իր շնորհիվ, քանի որ, ինչպես արդեն փաստեցինք, համապատասխան օրենսդրական փոփոխությունները կատարվել են 2016 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության տարիներին։

Հարց է առաջանում՝ Ալեն Սիմոնյանը չգիտե՞ր այս մասին, թե՞ պարզապես մանիպուլացնում է հայ հասարակությանը։ Ակնկալում ենք, որ Սիմոնյանը ժամանակ կգտնի և համապատասխան պարզաբանումներ կներկայացնի, եթե նա իսկապես սխալվել է ու հանրությանը մանիպուլացնելու միտում չի ունեցել։

Ք․ Ս․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»