copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:00 10-01-2026

«Շուշա», «Բասարգեչար» և ոչ միայն. Ադրբեջանը գինիներով էլ է հիբրիդային պատերազմ վարում

Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» անվամբ գինին, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում, հերթական օրինակն է այն քաղաքականության, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում առաջ մղել Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները։ Գինու պիտակին պատկերված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը՝ ներկայացված որպես «արևմտյան Ադրբեջան», իսկ Սևանա լիճը նշված է «Գոյչա» անվամբ։

Թեմային անդրադառնալով՝ հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ընդգծում է, որ նման քայլերը պատահական չեն և տեղավորվում են Ադրբեջանի երկար տարիներ շարունակ իրականացվող հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։

Նրա խոսքով՝ նման քաղաքականության դրսևորումները նա անձամբ տեսել է դեռևս 2010–2014 թվականներին, երբ հայկական պատվիրակության կազմում մասնակցում էր Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին։

«Երբ Բաքու էինք գնացել, մեզ տեղավորել էին բարձր հարկերում, որպեսզի ագրեսիվ ադրբեջանցիները քարերով չհարվածեն։ Մեր բոլոր սենյակներում, որպես Ալիևի կողմից «նվեր», սեղաններին դրված էին կոնյակներ՝ «Շուշա», «Ղարաբաղ» անուններով, ինչպես նաև գրականություն, որտեղ ամբողջ Արցախը ներկայացվում էր որպես ադրբեջանական։ Բնականաբար, մենք հրաժարվեցինք այդ «նվերներից»»,- հիշեցրեց Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր այդ նույն գործիքակազմը կիրառվում է առավել համակարգված ու ինտենսիվ ձևով՝ հատկապես արտաքին շուկաներում։

«Եվրոպական մայրաքաղաքներում, տարբեր կոնֆերանսների ժամանակ տեսնում ես Ադրբեջանի կողմից հրատարակված գրքեր ու ալբոմներ, որտեղ Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացվում է որպես ոչ հայկական, ալբանական։ Շուկան ողողված է ադրբեջանական գինիներով ու կոնյակներով՝ հայկական պատմական տարածքների անուններով, այդ թվում՝ «Բասարգեչար»»,- նշեց նա։

Զոհրաբյանը հատկապես վտանգավոր է համարում «Բասարգեչար» անվանման օգտագործումը, քանի որ դրանք ուղիղ կերպով կապվում են տարածքային հավակնությունների հետ։ Նա հիշեցրեց, որ օրերս Ադրբեջանի ամենահայտնի կին բլոգերներից մեկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ «Բասարգեչար» գինու շիշը դրված էր սեղանին, իսկ ուղերձում խոսվում էր «պատմական Գյոյչա լիճ» վերադարձի մասին։

«Սա բացահայտ հայտարարություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների մասին»,- ընդգծեց նա։

Քաղաքական գործիչը անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին տարեվերջյան ասուլիսին, որտեղ, նրա խոսքով, հնչել են վտանգավոր և թերագնահատված հայտարարություններ.

«Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքները դեռ հստակ չեն և հստակ կլինեն այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերջնականապես ճանաչի դրանք։ Սա փաստացի հաստատում է, որ Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ դեռևս չեն ավարտվել»,- նշեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք իրավական ճանապարհով պայքարել նման արտադրանքի դեմ՝ նա նշեց, որ թեև միջազգային իրավունքի և հեղինակային իրավունքի շրջանակներում տեսականորեն հնարավոր են գործընթացներ, սակայն ներկայումս դա առաջնահերթ խնդիր չէ։

«Սա, անկեղծ ասած, 1000-րդական հարց է։ Դեռ 2014-ին նրանք ունեին «Շուշա» և «Ղարաբաղ» անուններով կոնյակներ։ Բայց սատանան մանրուքների մեջ է․ հենց այդ մանրուքներով են աշխատում, մարդկանց գիտակցության մեջ ամրացնելով իրենց օրակարգը»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը ցանկացած թեմա՝ նույնիսկ կոմպոզիտորների հեղինակային իրավունքը, օգտագործում է Արցախի թեման առաջ մղելու համար՝ ինչը վկայում է համակարգված հիբրիդային քաղաքականության մասին։

«Սա հիբրիդային պատերազմ է՝ ուղղված նաև միջազգային հանրությանը վարժեցնելուն, որ Սևանը, Սյունիքի կամ Վայոց ձորի որոշ հատվածներ կարող են ընկալվել որպես ադրբեջանական»,- ընդգծեց նա։

Եզրափակելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ունենալ իշխանություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով դիմակայել ինչպես բաց, այնպես էլ հիբրիդային մարտահրավերներին։

«Մենք պետք է ունենանք իշխանություն, որը կկարողանա և՛ բաց, և՛ հիբրիդային պատերազմում պաշտպանել Հայաստանի շահերը»,- եզրափակեց նա։

Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի