copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:20 08-12-2025

Oragir.News-ի հրապարկումից հետո Սոցապը միայնակ մորը նպաստից զրկելու հարցը կվերանայի

Oragir.News-ը օրեր առաջ անդրադարձել էր Արմավիր քաղաքի բնակիչ Անի Ալվանդյանի խնդրին՝ նշելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զրկել է նրան երեխայի խնամքի նպաստից։

Փորձեցինք հասկանալ պատճառները։ Պարզվեց Oragir.News-ին դիմած քաղաքացին՝ ոչ սխալմամբ, այլ սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնի աշխատակցի ցուցումով թղթաբանության մեջ իքս եկամուտ է նշել, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի խնամքի նպաստից զրկելուն։

Oragir.News-ը խնդրի հետ կապված պարզաբանում խնդրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանից։ Խնդիրը ուսումնասիրելուց հետո, նախարարությունից մեզ հայտնեցին հետևյալը․

«Համաձայն Միասնական սոցիալական Ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնի Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տվյալների՝ Անի Ալվանդյանի ընտանիքը վերջին անգամ հաշվառվելու (փաստագրվելու) համար դիմել է 2025 թվականի սեպտեմբերին, մինչև 2025 թվականի սեպտեմբերը ներառյալ ընտանիքը ստացել է ընտանեկան նպաստ (ընտանեկան նպաստը նշանակվում է 12 ամիս ժամկետով, որից հետո ընտանիքը նոր դիմում պետք է ներկայացնի)։

Փաստագրվելիս՝ որպես ինքնազբաղ անձ, Անի Ալվանդյանը ընտանիքի ամսական ամբողջական եկամուտ է հայտարարագրել 60.000 ՀՀ դրամ, արդյունքում ընտանիքի անապահովության միավորը 28.01-ից նվազել և կազմել է 26.44 և 2025 թվականի հոկտեմբերից դադարեցվել է ընտանիքի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը։ Քաղաքացուն առաջարկվել է հաշվառվել տարածքային կենտրոնում որպես աշխատանք փնտրող անձ՝ իր ունակություններին և կարողություններին համապատասխան այլ հարմար աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու նպատակով, սակայն քաղաքացին հրաժարվել է»։

Հիշեցնենք, որ 33-ամյա Անի Ալվանդյանը վարձով բնակարանում միայնակ է մեծացնում իր 6 տարեկան երեխային, գտնվում է սոցիալական ծանր վիճակում։ Երեխան, որպես միակողմանի ծնողազուրկ, ստանում էր նպաստ, որով մայրը նվազագույն կարիքներն էր հոգում։

Oragir.News-ը Նվեր Կոստանյանին խնդրեց վերանայել Ալվանդյանի սոցիալական վիճակը, քանի որ վարձով ապրող կնոջ համար ցանկացած օգնություն կարևոր է։

Վերջինը տեղեկացրեց, որ տարածքային կենտրոնի աշխատակիցները քաղաքացու տուն են այցելելու՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։

Այնուհետև, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը փոխանցեց, որ կենտրոնի աշխատակիցները եռամսյակային օգնության առաջարկ են արել Ալվանդյանին։

«Կգնա, դիմում կգրի՝ գումարը կստանա, իսկ բուն նպաստի մասով նորից կխոսեն»,-ասաց Կոստանյանը:

Անի Ավանդյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ սոցապի աշխատակիցները իր տուն են այցելել և նույն առաջարկն արել․ «Ես խնդրեցի վերականգնել երեխայիս նպաստը։ Ասացի, որ ձեր աշխատողն ինձ սխալ ցուցում է տվել, ինքը չգիտի՞, որ եկամուտ գրելուց իմ նպաստը կկտրվեր, ինչո՞ւ նման բան արեց, էդ եկամուտը մի մեծ գումար էլ չի․․․։ Վարձով եմ մնում։ Էդ նպաստի հույսով էի, բա որ տնից դուրս հանեն, ես էս պահին բավականաչափ գումար չունեմ, ի՞նչ եմ անելու, հազիվ եմ հասցնում երեխայիս խնդիրները լուծել»,- նեղսրտեց կինը։

Այնուամենայնիվ, Անի Ալվանդյանին խոստացել են՝ մարտ ամսից վերանայել խնդիրը և հարցին լուծում տալ։

Oragir.News-ը ուշադրության կենտրոնում կպահի այս հարցի կատարման ընթացքը և ևս մեկ անգամ հրապարակումով հանդես կգա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ