copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:30 20-11-2025

«Շուշաթղթել ու եվրոռեմոնտ են արել». Սուրբ Կարապետի վանքին անդառնալի վնաս է պատճառվել

Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները կրկին ուշադրության կենտրոնում են՝ Արարատի մարզի միջնադարյան Սուրբ Կարապետ վանքում ընթացող շինարարության պատճառով։ Վանքի պահպանության մասնագետները և անկախ փորձագետները ահազանգում են, որ իրականացվող աշխատանքները վտանգում են պատմամշակութային արժեքները և խախտում են ռեստավրացիոն նորմերը։

Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է նկատել եկեղեցի այցի ժամանակ և ինչպիսի վնասներ են արդեն հասցվել վանքի կառուցվածքին ու պատմական արժեքին։

«Նախ տեսա Դավիթ Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը, և այն ինձ շատ անհանգստացրեց, քանի որ եկեղեցին այդ վիճակում անբնական է թվում։ Տարբեր մարդիկ էլ իրենց մտահոգությունն էին հայտնում, իսկ ես, որպես մշակութային օբյեկտների, մասնավորապես անշարժ գույքի ռեստավրացիայով հետաքրքրված մարդ, որոշեցի անձամբ այցելել և տեսնել Սուրբ Կարապետը»,- նշեց Մարտիրոսյանը։

Նա պատմեց, որ եկեղեցում 2–3 բանվորներ էին աշխատում, և աշխատանքի պատկերը սարսափ է առաջացրել։

«Բանվորներից մեկը խոստովանել է, որ իրենք աշխատել են մետաղալարերով՝ ռոտորային հիմքով խոզանակով, որով «մաքրել» են եկեղեցու մակերեսը։ Ռեստավրատորները գիտեն, որ այսպիսի մեթոդը ամբողջ աշխարհում արգելված է քարի հետ աշխատելու համար, քանի որ խախտում է վերին շերտերը, տալիս է փայլ, որը բնականորեն վերականգնվում է հարյուրամյակների ընթացքում։ Այս պարագայում վնասվել է ամբողջ պատմամշակութային արժեքը»,- հավելեց նա։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ քարերը ոչ թե պահպանվել, այլ պոկվել և տեղը նորերն են դրվել, օգտագործելով մետաղական կամ շարժական սղոց, ինչը նույնպես անթույլատրելի է միջնադարյան կոթողի պարագայում։ Բացի այդ, նա նկատեց, որ աշխատողները չեն եղել պրոֆեսիոնալ վերականգնողներ և նույնիսկ ենթադրվում է, որ առնվազն մեկը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

«Գմբեթի և տանիքի մեծ հատվածները փոխարինվել են նորերով՝ իրականում իրականացվել է «Եվրոռեմոնտ», և սա շատերի կարծիքով խաթարում է միջնադարյան կառույցի ողջ արժեքը», – ընդգծեց Մարտիրոսյանն, ապա հավելեց,- «Սուրբ Կարապետը միջնադարյան կառույց է՝ վանական համալիր, որտեղ պահպանված են սրբազան մասունքներ, միջնադարյան արձանագրություններ և փորագրված խաչեր, որոնք հավելյալ մշակութային արժեք են տալիս։ Սակայն աշխատանքները, ըստ իմ տպավորության, տեղի են ունենում ոչ թե վերականգնման, այլ վայրագ վերաշինման տեսքով, և դա հակասում է բոլոր ռեստավրացիոն նորմերին»։

Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանում պրոֆեսիոնալ ռեստավրատորներ գրեթե չկան և ցանկացած նման աշխատանք պետք է իրականացվի պետության վերահսկողությամբ կամ միջազգային փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Նա նաև ենթադրեց, որ վանքի վերանորոգման սխալ ու ռիսկային աշխատանքների մասին տեղյակ են պետության և եկեղեցու ղեկավարները։

«Բանվորները սեփական կամքով չեն արել սա, բարերարը չի որոշել միայնակ, և առանց պետության ներգրավվածության հնարավոր չէր նման բան անել»,– հավելեց Մարտիրոսյանը և ընդգծեց խնդրի խորքային պատճառը,- «Հայաստանում առկա է նման «Եվրոռեմոնտի» մտածողությունը, որն անտեսում է պատմամշակութային արժեքը, և այս մոտեցումն ամենուր է՝ ոչ միայն Սուրբ Կարապետ վանքում։ Դա է ամենախոր և ամենակարևոր ողբերգությունը»։

Նշենք, որ Սուրբ Կարապետ վանքը կամ Հովհաննես Կարապետ Եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետական համալիր է, որը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ գյուղատեղիից 1 կմ հյուսիս-արևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկում նշվում է, որ այն հիմնվել է Օրբելյանների կողմից XIV դ. սկզբին։

Հայկ Մարտիրոսյանը նաև Oragir.News-ին տրամադրեց տեսանյութ, որտեղ նա նկարագրում է եկեղեցու հետ տեղի ունեցողը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան