Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:49 05-11-2025

Սերժ Սարգսյանը չի փախչի, ՔԿ նախագահը ձեռնաշղթաները չընդունեց, ԵՄ-ն վիզաները կչեղարկի՞․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Դատարանը այսօր մերժեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ «Շատ մանրամասներ չեմ կարող ասել, դատական նիստը դռնփակ է եղել։ Մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժվեց, այսինքն՝ բացակայելու արգելքը չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառվել»,- ընդգծեց Հակոբյանը։ Նրա խոսքով՝ եթե չնչին հիմնավորված բան լիներ, ապա դատարանը միջնորդությունը կբավարարեր։ Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանն էլ անդրադարձավ երկիրը լքելու վերաբերյալ կասկածներին։ «Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդու, ով կարող է փախչի։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախնեմ։ Եթե Հայաստանի որևէ դատարան ինձ դատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախչի։ Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ։ Ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ։ Այն «օպերատիվ» տվյալները, որ նշում են, ես արդեն վաղուց պետք է փախած լինեի»,- ընդգծեց նա։ Նշենք` Սերժ Սարգսյանին առնչվող 4 գործերը հիմա քննվում են 2 վարույթներում։ Հայտնի «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ փորձեց ձեռնաշղթա նվիրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ ՔԿ նախագահի հաղորդած տվյալներին, թե 2025 թվականի ընթացքում կալանավորելու միջնորդությունների թիվը նվազել է 16,4 տոկոսով` հիշեցնելով, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, նախորդ շաբաթ ելույթ ունենալով նույն քննարկումների շրջանակում, հայտարարել էր, որ Հայաստանում կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները: «Հուսամ՝ կդնեք Ձեր սեղանին և ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելիս կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի ամենաճիշտ որոշումը չէ»,- ասաց Թովմասյանը՝ փորձելով նվերը փոխանցել ՔԿ նախագահին, սակայն Պողոսյանը հրաժարվեց «նվերն» ընդունել։ «Ինձ նվեր պետք չէ, առավել ևս էդ խաղալիքը։ Ես դրա իսկականն ունեմ»,- պատասխանեց ՔԿ նախագահը։ Հիշեցնենք` Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ առաջարկելու են սահմանել քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ։ Նա նշեց, որ 1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի, ինչը դա բացասական երևույթ է։

Պողոսյանը վստահեցրել է, որ բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը ձգձգելու միտում չկա։ Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ Պողոսյանը պատասխանեց` նախաքննություն են իրականացնում, քանի որ գործը հսկայածավալ է։ «Այդտեղ մենք գործ ունենք փողերի լվացման հետ, խարդախությունների հետ, հարկերը վճարելուց խուսափելու հետ։ Քրեական վարույթն իր ծավալով աննախադեպ է, բազմաթիվ քննչական ու վարույթային այլ գործողություններ են կատարվում, որ պահին ավարտենք այդ գործողությունները, վստահաբար կորոշվի նաև քրեական վարույթի ելքը»,– հավելեց Պողոսյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց` երբ իշխանությանը պետք է, ՔԿ–ն երկու ամսվա ընթացքում նախաքննություն ավարտում է, գործն ուղարկում դատարան, դատավորն էլ արագ վերդիկտը կայացնում է։ Խամոյանը միևնույն ժամանակ նկատեց, որ ՔԿ նախագահի նախկին էնտուզիազմը չկա, քանի որ, իր պնդմամբ, ինքն էլ է գիտակցում, թե ինչ է անում և ինչպիսի պատասխանատվություն է սպասվում իրեն։ Խամոյանի մյուս հարցը վերաբերում էր Միքայել սրբազանին։ Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկզբում ասաց, որ որևէ խնդիր չկա Աջապահյանի հայտարարությունների մասով, հանցակազմ չկա, սակայն վեց ամիս անց ասաց, որ, այնուհանդերձ, հանցակազմ կա։ Պողոսյանը հրաժարվեց այս հարցին պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ արդեն իսկ կա դատական ակտ, իսկ ինքը` որպես իրավաբան և ՔԿ նախագահ, չի կարող մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ