Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:32 29-10-2025

Բժիշկները բաժնի վարիչի հետ ազատման դիմում են գրել. ինչ է կատարվել Ֆանարջյան կենտրոնում

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում լարված իրավիճակ է՝ կապված անոթային բաժանմունքի ամբողջ թիմի աշխատանքից հեռանալու հետ։

Oragir.News-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նշեց, որ խնդիրն առաջացել է կենտրոնի նոր տնօրենի և բաժանմունքի աշխատակիցների միջև հակասություններից։

Նրա խոսքով՝ անոթային բաժանմունքը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ և այդ ընթացքում հասել է զգալի հաջողությունների։ Կենտրոնում կատարվել են եզակի վիրահատություններ՝ հատկապես ուռուցքային հիվանդների համար։ Պողոսյանի փոխանցմամբ՝ մրցույթից հետո Կարեն Ծառուկյանի նշանակումը տնօրենի պաշտոնում առաջացրել է անոթային բաժանմունքի վարիչի և աշխատակիցների դժգոհությունը։

«Այո, բոլորը միասին որոշում են դուրս գալ՝ հաշվի առնելով, որ տնօրենը ոչ ճիշտ գործընկերային հարաբերություններ ունի իրենց հետ և իրենց աշխատանքը խոչընդոտելու հակում ունի»,- նշեց Անուշ Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ խնդիրը միայն անոթային բաժանմունքի հետ չի սահմանափակվում։ Թիմի հեռանալուց հետո կենտրոնը կորցրել է նաև մի շարք այլ փորձառու մասնագետների, այդ թվում՝ պետպատվերի կառավարման և կանոնակարգման ծառայությունների պատասխանատուներին։

Պողոսյանը ընդգծեց, որ մրցույթի ընթացքում Ծառուկյանը մեծ հպարտությամբ է ներկայացրել հենց անոթային բաժանմունքի ստեղծման և ձեռքբերումների մասին․

«Այս մասը շատ կարևոր է, որ նշվի։ Նա այդ մրցույթում զարգացման ծրագիր ներկայացնելու ժամանակ շատ մեծ հպարտությամբ էր պատմում հենց էդ անոթային բաժանմունքի ստեղծման մասին… Եվ այդ պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո՝ էդ բաժինը հանելը»,– ասաց նա։

Բացի այդ, Պողոսյանի խոսքով՝ կենտրոնը նաև ֆինանսական խնդիրներ ունի առևտրային բանկերի հանդեպ։ Նրա խոսքով՝ աշխատավարձերը երբեմն վճարվում են վարկային միջոցներով, ինչը վկայում է կառավարման լուրջ խնդիրների մասին։ Նա ընդգծեց, որ իրավիճակը պահանջում է պետական մակարդակով մանրակրկիտ ուսումնասիրություն՝ կանխելու հնարավոր ֆինանսական և կառավարման ճգնաժամը։

Oragir.News-ը մեկնաբանությունների համար կապ հաստատեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի ղեկավար Սոնա Խաչատրյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ անոթային վիրաբուժության բաժանմունքի մի քանի բժիշկ, այդ թվում՝ բաժանմունքի ղեկավարը, իրենց սեփական դիմումի համաձայն հեռացել են աշխատանքից։

«Մնացած մասերով էս թեմայով հավելյալ պարզաբանում չեմ կարող տալ, որովհետև պատճառները, թե ինչու են դուրս եկել, այսպես, հիմքերը չեմ կարող տալ։ Կարող եք արդեն իրենցից ճշտել, բայց սեփական դիմումով դիմել են տնօրենին, աշխատանքից ազատման դիմում ներկայացրել»,– ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ բժիշկների հեռանալը որևէ կերպ չի նշանակում, թե խնդիրներ են եղել տնօրենի և աշխատակազմի միջև։ Խաչատրյանի խոսքով՝ բաժանմունքը շարունակել է բնականոն գործունեությունը և համալրվել է նոր մասնագետներով։

«Այո, բաժանմունքը գործում է նոր բժիշկներով, հաջորդ իսկ օրը համալրվել է և շատ սովորական ընթացակարգով շարունակում է ընդունել, սպասարկել հիվանդների»,– նշեց նա։

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կենտրոնի ֆինանսական վիճակը կայուն է և դրական, աշխատավարձերի վճարման հետ որևէ խնդիր չի եղել, և մինչ այժմ վարկային լրացուցիչ միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին