copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 19:33 20-10-2025

Ադրբեջանցիները Մինգեչաուրում ոչնչացրել են հայերեն գրված արձանագրությունները. Monument watch

Monument watch-ը գրում է.

«Չնայած Մինգեչաուր քաղաքը համեմատաբար նոր է, սակայն մարդիկ այդ տարածքում բնակվել են դեռևս հին ժամանակներից։ Հին և միջնադարյան շրջանում քաղաքի տարածքը, որը գտնվում է Կուր գետի երկու ափերին, մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի և Աղվանքի կազմում։ Մինգեչաուրի մասին հիշատակություններ կան դեռևս միջնադարից։ Ռուսաստանյան կայսրության տարիներին այստեղ համանուն բնակավայր է եղել՝ ներառված Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի կազմում։

Ներկայիս Մինգեչաուր քաղաքի հիմքերը դրվել են խորհրդային տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ սկսել են կառուցել Մինգեչաուրի ջրամբարն ու հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքը գտնվում է Մինգեչաուրի ջրամբարի արևելյան և Կուր գետի երկու ափերին։

Մինգեչաուրում ի սկզբանե բնակություն են հաստատել նաև հայեր։ Բացի ադրբեջանցիներից՝ 1959 թվականին քաղաքում ապրել է 3799 հայ, 1979 թվականին՝ 5147, 1988 թվականին՝ մոտ 10000 հայ բնակչություն։ 1988 թվականի բռնությունների ալիքը հասել է նաև Մինգեչաուր և տեղի հայերը ստիպված բռնագաղթել են քաղաքից։
Խորհրդային տարիներին այստեղ պեղվել է բազմաշերտ մի հնավայր։ Հայտնաբերվել են նաև վաղմիջնադարյան հայկական եկեղեցու և կից շինությունների մնացորդներ։ Պեղումների ընթացքում գտնվել են նաև 5-7-րդ դարերով թվագրվող հայերեն և աղվաներեն արձանագրություններ՝ չնայած ադրբեջանցի հնագետները այդտեղ միայն աղվանական հետքն են տեսնում։

Հայերի՝ դեռևս վաղ միջնադարում այստեղ գտնվելը փաստում են հայտնաբերված վերոհիշյալ արձանագրությունները՝ պեղված եկեղեցու ավերակներում՝ կամարաձև քարի վրա միատող փորագրված․
Ի ԹՈՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՆԵՐՈՐԴԻ ԱՄՒՈՅՆ ԵՐԱԿՂԻ ․․․ ՇԻՆԵՑԱՒ ՔԱՒԱՐԱՆ ՍՐԲՈՅՆ ԵՂԻՇԱՅԻ։

Եկեղեցու շինարարության առթիվ պահպանվել է հայերեն մի արձանագրություն, որն, ըստ Ա․Գ․ Աբրահամյանի վերծանության, ունի հետևյալ բովանդակությունը․

ՀԵՐԱԿԼԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԱՄԻՆ ՍՈՒՐԲ ԵՂԻՇԵԻ (կամ Գիսի եկեղեցի) ԱՂՈԹԱՏՈՒՆԸ ․․․ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ․․․ Ի ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈԲԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ։

Փաստորեն՝ եկեղեցին կառուցվել է բյուզանդական հայազգի կայսր Հերակլի (610-641 թթ․) կառավարման 30-րդ տարում, այսինքն՝ 640 թվականին։

Հնավայրում գտնվել է նաև մի խեցեբեկոր, որի վրա հայերեն գրված է եղել անձնանուն՝ ՍԻՄ(ԷՈՆ)։ Եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև մի քարաբեկոր, որի վրա նշված է եղել 7-րդ դարում ապրած Աղվանքի ականավոր հոգևորականներից մեկի՝ Հոբելի անունը՝ ՈԲԵԼ ԱԲԵՂ(ԱՅ)։
Ադրբեջանական թանգարաններում ներկայացված են Մինգեչաուրում և նրա շրջակայքից հայտնաբերված գտածոները, սակայն խոսք չկա հայերի և հայկական մշակութային հետքի մասին։ Հավանական է, որ հայերեն գրված արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են պեղումների ընթացքում, ադրբեջանական սովորության համաձայն, ուղղակի ոչնչացվել են»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ